Մատչելիության հղումներ

Հայաստանը Վրաստանում անցկացվելիք զորավարժությանը կմասնակցի 4-հոգանոց սպայական կազմով


Վրաստան - Ամերիկյան զինտեխնիկան ուղղվում է դեպի Վազիանի ռազմակայան, որտեղ օգոստոսի 1-ին մեկնարկելու են զորավարժությունները
Վրաստան - Ամերիկյան զինտեխնիկան ուղղվում է դեպի Վազիանի ռազմակայան, որտեղ օգոստոսի 1-ին մեկնարկելու են զորավարժությունները

Հայաստանը մասնակցելու է Վրաստանում կայանալիք զորավարժությանը 4-հոգանոց սպայական կազմով: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա չմանրամասնեց, թե ինչ սպաներ են լինելու Վրաստանում, միայն նշեց, որ նրանք բժշկական անձնակազմից չեն։

Օգոստոսի 1-15-ը նախատեսված «Վեհանձն գործընկեր - 2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին Հայաստանի մասնակցության մասին տասն օր առաջ հաղորդել էր Վրաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն մինչ օրս Հայաստանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես չէր հաստատում այդ տեղեկատվությունը:

Այսօր ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հրապարակեց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության հաղորդագրությունը, որում մասնավորապես ասված է, որ «Վեհանձն գործընկեր - 2018»-ի զորավարժությունը «չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով»: «Զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով: 2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40 հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը», - փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ պարզաբանելով․ - «2018 թվականին ԱՄՆ աջակցությամբ ձեռք բերված և պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը «Վեհանձն գործընկեր - 2018» զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, և մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ: ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների մասնակցության ձևաչափը և մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում»:

Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Վրաստանի զինված ուժերի կողմից համատեղ Վրաստանի Վազիանի և Նորիո ուսումնական կենտրոններում անցկացվելիք զորավարժության ժամանակ Հայաստանի ԶՈւ 4 սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում․ ընտրվել են միջազգային խաղաղության և կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG