Մատչելիության հղումներ

Հայաստանը օգոստոսին Վրաստանում մասնակցելու է Noble Partner զորավարժությանը․ Վրաստանի ՊՆ


Վրաստան - Noble Partner-2017 զորավարժությունը Վազիանիում, օգոստոս, 2017թ․
Վրաստան - Noble Partner-2017 զորավարժությունը Վազիանիում, օգոստոս, 2017թ․

Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր - 2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ, նաև՝ Հայաստանը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ շուրջ 3 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսի ներքո:

«Այս տարվա զորավարժությունների նպատակն է բարելավել կայունության, գրոհի և պաշտպանության հմտությունները Վրաստանի, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի գործընկերների զինված ուժերում», - նաև ասվում է հաղորդագրությունում: Դրանում նշվում է, որ վարժանքների մասնակիցների թվում են Վրաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և Հայաստանը:

Գերատեսչությունը հայտնում է, որ զորավարժություններին ներկայացված կլինի ամերիկյան օդուժ, գերմանական զրահատեխնիկա: Վարժանքները կմեկնարկեն Վազիանի ռազմական օդանավակայանում, կշարունակվեն Վազիանի զորավարժարանում և Նորիո ուսումնական բազայում:

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «Արժանի գործընկեր» զորավարժությունները երկրում անցկացվում են արդեն չորրորդ անգամ:

Անցյալ տարի Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո անցկացվող մեկ այլ՝ Agile Spirit զորավարժությանը, որին Երևանը նախ հաստատել էր մասնակցությունը, ինչպես հայտարարել է Վրաստանի ռազմական գերատեսչությունը, ապա զորավարժության նախօրեին հրաժարվել մասնակցությունից՝ առանց պատճառը նշելու: Օրեր անց այն ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած գերատեսչությունը հայտարարեց, թե Վրաստանում անցկացվող զորավարժություններ առաջնային նշանակություն չունեն Հայաստանի Զինված ուժերի համար, ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել, և մասնակցության հայտ չի ներկայացվել:

Հայաստանի ռազմական գերատեսչության այդ քայլը բուռն քննարկումների տեղիք տվեց, հայաստանյան փորձագիտական շրջանակները քննադատեցին պաշտոնական Երևանին՝ կարծիք հայտնելով, թե ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումից հրաժարվելով՝ Հայաստանը վնաս է հասցնում իր միջազգային վարկանիշին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG