Մատչելիության հղումներ

Գերմանիայի ֆուտբոլի միության ղեկավարը հերքում է Օզիլի մեղադրանքները


Գերմանիայի ֆուտբոլի միության ղեկավար Ռեյնհարդ Գրինդել, արխիվ
Գերմանիայի ֆուտբոլի միության ղեկավար Ռեյնհարդ Գրինդել, արխիվ

Գերմանիայի ֆուտբոլի միության ղեկավարը հերքում է ծագումով թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի՝ ռասիզմի մասին մեղադրանքները: Ռեյնհարդ Գրինդելը նշում է, սակայն, որ ազդվել է Գերմանիայի հավաքականը լքած Օզիլի քննադատությունից, և խոստովանում, որ սխալներ, այդուհանդերձ, կան:

«Բացեիբաց խոստովանում եմ, որ իմ հասցեին քննադատությունից ազդվել եմ, իսկ ավելի շատ ափսոսում եմ, որ ռասիզմի մեջ մեղադրանքների համատեքստում հիշատակվել են իմ գործընկերների, կամավորականների և Միության աշխատակիցների անունները», - մասնավորապես ասված է Ռեյնհարդի հայտարարությունում:

29-ամյա ֆուտբոլիստը շաբաթասկզբին հայտարարեց, որ հեռանում է Գերմանիայի հավաքականից՝ պնդելով, թե գերմանական հանրության մի մասն ու մամուլը իրեն քննադատում են իր թուրքական ծագման պատճառով: «Երբ ես լավ եմ խաղում, ինձ գերմանացի ֆուտբոլիստ են անվանում, երբ վատ եմ խաղում, հանկարծ հիշում են, որ ներգաղթյալ եմ», - Twiiter-ում գրել էր Օզիլը:

Ֆուտբոլիստը կոշտ քննադատության ենթարկվեց այս տարի Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում Գերմանիայի հավաքականի անհաջող ելույթից հետո: Ավելի վաղ գերմանական թերթերն Օզիլին քննադատել էին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ լուսանկարվելու համար:

Միջազգային, մասնավորապես գերմանական հանրությանը ցնցած Օզիլի հայտարարությունները թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության պատճառ դարձան: Պաշտոնական Անկարան և Բեռլինը շտապեցին արձագանքել սկանդալին՝ Էրդողանը, առանց կասկածի տակ առնելու մեղադրանքները, իր աջակցությունը հայտնեց Օզիլին, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հերքելով մեղադրանքները, ասաց՝ հարգում է Գերմանիայի հավաքականից հեռանալու ֆուտբոլիստի որոշումը:

Չբավարարվելով Գերմանիայի ֆուտբոլի միության անունից հայտարարությամբ, կառույցի ղեկավարը որոշել է անձամբ հանդես գալ պարզաբանումներով՝ հավաստիացնելով, որ կիսում է միության արժեքները՝ բազմազանություն, համերաշխություն, խտրականության դեմ պայքար, ինտեգրում:

«Այս արժեքներն ու համոզմունքները շատ թանկ են ինձ համար», - ընդգծում է Ռեյնհարդ Գրինդելը:

Միևնույն ժամանակ, 56-ամյա մարզական ազդեցիկ պաշտոնյան խոստովանում է՝ Օզիլի նկատմամբ սխալներ թույլ են տրվել: «Որպես նախագահ՝ ես պետք է առանց երկիմաստության ասեի այն, ինչը ինձ՝ որպես մարդու, և ֆուտբոլային միությունում մեզ բոլորիս համար թերևս ամենակարևորն է՝ ռասիստական հարձակումները ցանկացած տեսքով անհանդուրժելի, անընդունելի և անթույլատրելի են», - ընդգծում է Ռեյնհարդ Գրինդելը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG