Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ շենքում է


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) շենքում է, այս պահին քննչական գործողություններ են իրականացվում: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարիա Օհանջանյանը՝ խոստանալով հավելյալ տեղեկություններ փոխանցել ավելի ուշ:

Նախկին նախագահը ՀՔԾ է հրավիրվել «Մարտի 1»-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավար նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։

Այս ամսվա սկզբին ՀՔԾ-ն հաղորդեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG