Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա. ՀՔԾ պետ


Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Հայաստանում չէ, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել որպես վկա։ Այդ մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն տասը տարի է քննում է 2008-ի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների քրեական գործը, երեկ հայտարարեց նոր բացահայտման մասին։

Ըստ ՀՔԾ-ի, այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դատարանը որոշում է կայացրեց երկու ամսով կալանավորել նրան։

Երեկ ՀՔԾ-ն նաև հաստատեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ևս Հայաստանում չէ։

«Ազատություն». - Միքայել Հարությունյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի՞՝ հաշվի առնելով գործի ծավալը։

Սասուն Խաչատրյան. - Չեմ կարող գաղտնազերծել մեր գործողությունների հաջորդականությունը, դա քննչական տակտիկա է, որը ես չեմ ցանկանում այս պահին բացահայտել։

«Ազատություն». - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելո՞ւ եք հարցաքննության։

Խաչատրյան. - Հիմա Դուք ուզում եք, որ ես նույն բառերը կրկնեմ՝ ես չեմ կարող բացահայտել ողջ ծավալով մեր գործողությունները։

«Ազատություն». - Քոչարյանի կարգավիճակը կարո՞ղ ենք այս պահին իմանալ։

Խաչատրյան. - Այս պահին հարցաքննության է հրավիրվել որպես վկա։

ՀՔԾ պետը նշեց՝ հարցաքննության հրավիրվել են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել «Մարտի 1»-ի գործի հետ կապված։ «Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների հետ, զբաղեցրած պաշտոնների հետ, չկա, և հուսամ, որ դուք արդեն համոզվել եք դրանում», - ասաց Խաչատրյանը։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավար Սասուն Խաչատրյանն օրերս հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG