Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն հաստատում է, որ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով հրավիրել են հարցաքննության


Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծանուցագիր է ուղարկվել «Մարտի 1»-ի գործի շրջանակներում հարցաքննվելու համար:

Առայժմ հայտնի չէ, թե Հատուկ քննչական ծառայությունն ինչ կարգավիճակով է Քոչարյանին հրավիրել:

«Մարտի 1»-ի իրադարձություններից տասը տարի անց, երբ իշխանության է եկել այն ժամանակվա ընդդիմության առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանն այս գործով կհարցաքննվի:

Հիշեցնենք՝ 2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավար Սասուն Խաչատրյանն օրերս հայտարարեց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի «Մարտի 1»-ի գործը բացահայտելու։

ՀՔԾ-ն այսօր հաղորդեց, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG