Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «Ճիշտ կլինի, եթե «Վրացական երազանք»-ը պաշտպանի որևէ անկախ թեկնածուի»


Բիձինա Իվանիշվիլին հարցազրույցի ժամանակ, 24-ը հուլիսի, 2018թ․
Բիձինա Իվանիշվիլին հարցազրույցի ժամանակ, 24-ը հուլիսի, 2018թ․

«Վրացական երազանք» կուսակցությունը վերջին շաբաթներին նախագահության մի շարք թեկնածուների անուններ է քննարկել: Նրանց թվում են կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին, նաև առողջապահության և արդարադատության նախարարները: Այս մասին երեկ երեկոյան Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց ինքը` «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, հատուկ ընդգծելով, որ նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել:

«Զուրաբ Աբաշիձե, Սոզար Սուբարի, Սերգեենկո, Թեա Ծուլուկիանի՝ այս բոլոր անունները քննարկումների ընթացքում հնչել են: Հնչել է նաև իմ անունը: Ես, սակայն, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, որ կուսակցությունը հոկտեմբերին կայանալիք ընտրություններում ընդհանրապես թեկնածու չառաջադրի: Սկզբնական շրջանում իմ այս տեսակետը որևէ մեկը չէր պաշտպանում, սակայն հետագայում իմ թիմակիցների մի մասը սկսեց հակվել այս մոտեցմանը: Իմ տեսակետը հետևյալն է` եթե առաջադրվի որևէ արժանի անկախ թեկնածու, մենք կարող ենք նրան պաշտպանել: Դա լավ կլինի Վրաստանի ժողովրդավարական զարգացման և երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայունության տեսանկյունից», - նշում էր Իվանիշվիլին:

Վերջին օրերին վրացական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ անկախ թեկնածուն, որին կարող է պաշտպանել իշխող կուսակցությունը, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին է: 2016-ի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում Զուրաբիշվիլին մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց որպես անկախ թեկնածու: Նրա ընտրությունը, սակայն, հնարավոր դարձավ «Վրացական երազանք»-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ: «Չի բացառվում, որ այս անգամ իշխող կուսակցությունը նույն սցենարը կիրառի արդեն համապետական մասշտաբով», - ենթադրում են վրացական լրատվամիջոցները:

Իվանիշվիլիի երեկվա հարցազրույցը նրա առաջին շփումն էր լրատվամիջոցների հետ՝ քաղաքականություն վերադառնալու մասին գարնանը կայացված որոշումից հետո: Դա էր, թերևս, պատճառը, որ ավելի քան մեկուկես ժամ տևած հարցազրույցի ընթացքում Իվանիշվիլին անդրադարձավ վերջին շրջանի առանցքային իրադարձություններին` այդ թվում հունիսին տեղի ունեցած կառավարության պաշտոնանկությանը: «Վրացական երազանք»-ի առաջնորդի խոսքով՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնանկության գլխավոր պատճառներից մեկը մի շարք բանկերի համար ստեղծված արտոնյալ պայմաններն էին:

«Վրաստանում գործող երկու բանկ` TBC-ն և «Սաքարթվելո»-ն, կարելի է ասել խժռել էին ողջ երկիրը: Այդ երկու բանկերը աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում եկամտաբերության մակարդակով: Եվ դա մի իրավիճակում, երբ Վրաստանի բնակչության զգալի մասը իր եկամուտների մեկ երրորդը վճարում է բանկերին` վերցված վարկերի դիմաց գանձված տոկոսի տեսքով: Դա պարզապես խայտառակություն է», - հայտարարում էր Իվանիշվիլին` ընդգծելով նաև, որ Կվիրիկաշվիլին պաշտոնավարման ավարտին չէր կարողանում իր ձեռքում պահել կառավարման բոլոր լծակները: «Իշխող թիմի մասնատման լուրջ վտանգ էր առկա, այդ գործընթացն արդեն իսկ մեկնարկել էր», - ասում էր «Վրացական երազանք»-ի առաջնորդը:

«Իվանիշվիլին այսօր ոտքերը սրբեց Կվիրիկաշվիլիի վրա: Երկրում կատարվող բոլոր վատ երևույթները վերագրվեցին Կվիրիկաշվիլիին և նրա կառավարությանը: Այնպես որ ես չեմ բացառում, որ մոտ ապագայում մենք աղմկալի քրեական գործերի մասին լսենք, որոնց թիրախում կլինեն Գիորգի Կվիրիկաշվիլին և նրա կառավարության անդամներից մի քանիսը», - նշում էր ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» ղեկավարներից Զաալ Ուդումաշվիլին:

Իվանիշվիլիի հայտարարություններին անդրադարձավ նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ Իվանիշվիլին այսօր պայքարում է քաղաքական գոյատևման համար:

«Իվանիշվիլին այսօր փորձում է փրկվել: Ինչպես մողեսը վտանգի դեպքում կտրում է իր պոչը, այնպես էլ Իվանիշվիլին ազատվում է կառավարությունից: Ես, սակայն, համոզված եմ, որ մեզ կհաջողվի աշնանը պարտության մատնել Իվանիշվիլիին», - հայտարարում էր Սաակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG