Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն


Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն և հավանաբար նորից կգլխավորի կուսակցությունը: Այսօր այս մասին հայտարարել է կուսակցության ներկայիս ղեկավար, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայությունը հաղորդում է, որ «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում Կվիրիկաշվիլին այսօր հանդիպում է ունեցել խորհրդարանում մեծամասնություն կազմող այդ կուսակցության խմբակցության անդամների ու ղեկավարների հետ: Հանդիպմանը Կվիրիկաշվիլին ասել է, թե խնդրել է Բիձինա Իվանիշվիլիին՝ վերադառնալ ու գլխավորել կուսակցությունը, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:

«Անհրաժեշտ է ուժեղացնել «Վրացական երազանքը»: Ներկուսակցական գործընթացները շատ կարևոր են մեզ համար, որովհետև պետական լուրջ հարցերի շուրջ կարևոր է պահպանել միասնականությունը: Բոլորի համար ակնհյատ է, թե որքան մեծ է Բիձինա Իվանիշվիլիի գործոնը մեր թիմի համար: Ցանկանում եմ ձեզ հայտնել, որ ես նրան, մեր կուսկացության հիմնադրին, առաջարկել եմ, խնդրել եմ գլխավորել կուսակցությունը և ես ուրախ եմ, որ նա համաձայնել է»,- ասել է Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նշենք, որ Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ժամկետը սպառվում է․ այս տարվա աշնանը Վրաստանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Նախագահը Վրաստանում սահմանափակ լիազորություններ ունի, երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է:

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին Georgia Today պարբերականին ասել է, որ Բիձինա Իվանիշվիլիի թեկնածությունը պետք է առաջադրվի գալիք հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Խորհրդարանական մեծամասնության ներսում տեղի ունեցած վերջին խմորումները նա համեմատել է դպրոցական իրադրության հետ, երբ ուսուցիչը դասի կեսից հեռանում է դասարանից: «Եթե ուսուցիչը չվերադառնա դասարան, վատ վիճակ կստեղծվի: Ուսուցիչը պետք է պատասխանատվություն զգա: Նրա վերադարձը քաղաքականություն օբյեկտիվորեն անհրաժշետ է»,- ասել է քաղաքագետ Խուխաշվիլին:

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ում հիմնական բիզնեսը Ռուսաստանում է, Վրաստանի քաղաքական կյանքում հայտնվեց 2011 թվականին, խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ: Նրա հիմնադրած «Վրացական երազանք» դաշինքը հաղթեց 2012-ի խորհրդարանական ընտրություններում, և Վրաստանում, ըստ էության, տեղի ունեցավ անցնցում, խաղաղ իշխանափոխություն: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն անցան ընդդիմադիր դաշտ:

Բիձինա Իվանիշվիլին դարձավ վարչապետ, բայց 2013-ին նա հրաժարական տվեց և հեռացավ քաղաքականությունից, հայտարարելով, թե իր հիմնական խնդիրը կատարել է: Անցած հինգ տարիների ընթացքում, սակայն, Վրաստանի ընդդիմությունը պնդում էր, թե իրականում հենց Իվանիշվիլին է երկրի ստվերային ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG