Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը պետք է ինտենսիվ զարգանա․ Արմեն Սարգսյան


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի գրասենյակի

Հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է և պետք է ինտենսիվ զարգանա՝ ի նպաստ հայ և ռուս ժողովուրդների շահերի: Այս մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան և Ռուսաստան. իրողություններ, խնդիրներ և հնարավորություններ» գիտաժողովի մասնակիցներին հղած ուղերձում:

«Գիտաժողովի կազմակերպումը մեկ անգամ ևս վկայում է Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության փոխվստահելի ռազմավարական համագործակցության և այն հետագայում ավելի խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: Հատկանշական է, որ միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանը միտված համատեղ ջանքերը վայելում են մեր երկրների հասարակության լայն շրջանակների աջակցությունը, իսկ վստահության և փոխըմբռնման մթնոլորտը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել հեռանկարային նոր ծրագրեր», - ասված է ուղերձում:

Այսօր ընդունելով գիտաժողովին մասնակցելու նպատակով ժամանած՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովին, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Գուսևին և Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի տարածաշրջանային և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի և Գորչակովի հիմնադրամի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովին, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ գիտաժողովը դրական ազդեցություն կունենա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման վրա:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ չպետք է սահմանափակվել ձեռք բերածով. անհրաժեշտ է հայ-ռուսական բարեկամության լավագույն ավանդույթները պահպանելով՝ ձգտել առավելագույնս օգտագործել տարբեր ոլորտներում առկա մեծ ներուժը, նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու նոր ուղիներ և հնարավորություններ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG