Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյանի կողմից ենթադրյալ առևանգման ու ծեծի դեպքով հարուցվել է քրեական գործ


Նարեկ Սարգսյան

Իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի անունը ևս մեկ հանցագործության հետ է կապվում։

Գլխավոր դատախազի խոսնակ Արևիկ Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել 31-ամյա Նարեկ Սարգսյանի կողմից Երևանում բնակվող 49-ամյա տղամարդու ենթադրյալ առևանգման ու ծեծի դեպքով։ Գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ քննության։

Գլխավոր դատախազությունից փոխանցեցին նաև, որ այս գործով Նարեկ Սարգսյանը դեռևս կարգավիճակ չունի:

Ազգային անվտանգության ծառայությունը դեռ մանրամասներ չի հաղորդում այս գործի վերաբերյալ:

Գլխավոր դատախազի խոսնակը փոխանցեց, որ քրեական գործը հարուցվել է 131 հոդվածի հատկանիշներով, այն է՝ շահադիտական դրդումներով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մարդուն առևանգելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ նոր հանցագործության կատարման մասին ոստիկանությունը դեռ երեկ էր հաղորդել։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ Ալեքսանդր Սարգսյանի որդու անունը կապվում է նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգման ու ծեծի գործի հետ։

Նախնական տվյալներով՝ ծեծի ենթարկված տղամարդը ցանկացել է գիշերային ակումբ բացել, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Եվ ինչպես փոխանցում է ոստիկանությունը, 2017-ի օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան - Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։ Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ։

Այնուհետև տուժողին տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանիա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու։

Ոստիկանության հաղորդագրություն նաև նշված է, որ հանցագործության մասին նախկինում չի հայտնվել։

Իրավապաշտպաններն «Ազատության» հետ զրույցում ասում են, որ թե՛ այս, թե՛ հեղափոխությունից հետո կատարված բացահայտումները հաստատում են իրենց նախկին պնդումներն այն մասին, թե ինչպես են նախկին իշխանությունների մերձավորները անպատժելի եղել և ինչպես են իրավապահները կոծկել տեղի ունեցող հանցագործությունները։

Արթուր Սաքունցը հիշեցնում է տարածված տեսակետը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սագսյանի վերաբերյալ՝ միևնուն ժամանակ նկատելով, թե ինչպես էին տարիներ շարունակ իշխանություն եղած հանրապետականները հրապարակավ խոսում բիզնեսի ազատության մասին․ - «Հիսուն-հիսուն հայտնի պատմությունը ի վերջո հո միֆ չէ՞ր, հո օդից վերցրած չէ՞ր: Առանց Սերժ Սարգսյանի ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում որևէ նման տիպի հանցագործություն չէր կարող տեղի ունենալ: Որովհետև խնդիրը ոչ միայն այն էր, որ Սերժ Սարգսյանը անձամբ հրահանգել է, խնդիրը կայանում է նրանում, որ արդեն անձի նկատմամբ հանցագործության կատարման փաստով երբ որ իրավապահ մարմինները գործողություն չեն կատարել, քանի որ նրանք զսպված են եղել, իսկ նման զսպված լինելը կամ անգործության մատնվելը պայմանավորված է եղել Սերժ Սարգսյանի դիրքորոշմամբ»:

Անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ քրեական գործում նշված արարքներին, Սաքունցը նշում է, որ նման հանցագործությունները կարելի է համեմատել սարսափ ֆիլմերի հետ․ - «Հանցագործություններն անպատկերացնելի են, և սարսափ ֆիլմերում առկա տեսարաններով, ես հաստատ համոզված եմ, որ ուղեկցված կլինեն այդ գործողությունները»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ով ևս տարիներ շարունակ բարձրաձայնել է Հանրապետականի իշխանության ժամանակ գոյություն ունեցող ամենաթողության մասին, չի կարծում, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել դրանց մասին․ - «Էդ ինչպե՞ս է, որ մենք տեղյակ էինք այլ բաներից, իսկ նրանք տեղյակ չէին: Նրանք պետք է օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն կրեն: Եվ պետք է նրանք ցցուն օրինակ դառնան հանրության համար, որ պատժելի են այդ արարքները, որ օրենքը հավասար է բոլորի համար: Եվ սա օրինակ պետք է լինի, որպեսզի այլևս չկրկնվեն այս դեպքերը»:

Ալեքսանյանը կեղծիք է որակում նախկին իշխանության հայտարարությունները բիզնեսի ազատության մասին՝ միևնույն ժամանակ արտառոց որակելով անցած երկու ամսվա բացահայտումների չափերը․ - «Էդ ամեն ինչը կեղծիք էր: Սերժ Սարգսյանը միայն կեղծիք էր տարածում: Սա արտառոց մի բան է, այն, ինչ որ մենք հիմա տեսնում ենք: Եվ դժվար էր դա մեզ համար, թեև գիտեինք, բայց դժվար էր պատկերացնել դրա չափերն ու այն հնարավորությունները, որ հիմա կան: Այն, որ մենք տեսնում ենք, թե ինչքան են․․․ այլասեռության հասնող չափերի»:

31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է այլ քրեական գործի շրջանակներում։

Երկու շաբաթ առաջ ԱԱԾ-ն հաղորդեց, որ խուզարկություն է կատարել Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքներում և նրա կողմից շահագործվող թանկարժեք ավտոմեքենաներում, և հայտնաբերել թմրամիջոցի նմանվող նյութով լի տարա՝ իր գործածման պիտույքներով: Միևնուն ժամանակ, իրավապահները խուզարկել էին նրա բնակարանը, որտեղից հայտնաբերել էին նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարները, ինչպես նաև 115 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր։

Պարզվել էր, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով։

XS
SM
MD
LG