Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի եղբորորդու կողմից տղամարդու ենթադրյալ առևանգման ու ծեծի դեպքով հարուցվել է քրգործ. դատախազություն


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու կողմից Երևանում բնակվող 49-ամյա տղամարդու ենթադրյալ առևանգման ու ծեծի դեպքով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ մասերով՝ «մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, շահադիտական դրդումներով»։

Երեկ ոստիկանության մամուլի ծառայությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Ալեքսանդր Սարգսյանի որդու անունը կապվում է նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգման ու ծեծի գործի հետ։

Ավելի վաղ ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ այս մասին հայտնի է դարձել հետախուզական միջոցառումների արդյունքում:

Նախնական տվյալներով՝ ծեծի ենթարկված տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։

«Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առևանգել է ու նրա կամքին հակառակ՝ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ։ Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ», - ասված է հաղորդագրությունում:

Այնուհետև, ըստ ոստիկանության, տուժողին տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։ Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլևս չի զբաղվելու, ասված է հաղորդագրությունում:

Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։

Հիշեցնենք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանը կալանավորված է՝ այլ քրեական գործի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG