Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին այդ երկրում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ:
Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավով տեղեկացա Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների հետևանքով մեծաթիվ զոհերի և ավերածությունների մասին, ինչի կապակցությամբ վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Փաշինյանը համոզմունք է հայտնում, որ Ճապոնիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել դժվարին փորձության հետևանքները:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 155 մարդ է զոհվել, շուրջ յոթ տասնյակ մարդ անհետ կորած է: