Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը մտահոգությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում ստացված տեղեկատվությանը հայ - ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման: Այս մասին ասված է հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությունում, որը այսօր հրապարակվել է կազմակերպության կայքէջում:

Ռազմական դաշինքը, որին անդամակցում է նաև Հայաստանը, վկայակոչում է հունիսի 11-ին Ալմաթիում կայացած ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների նիստին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ներկայացված տեղեկատվությունը, ինչպես հայտարարությունում է նշվում, «Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների ակտիվացման, նաև նրանց տեղաշարժի և ինժեներական աշխատանքների անցկացման մասին»:

Վերահաստատելով հարցերի խաղաղ կարգավորման համար միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցների ձեռնարկման կարևորությունը՝ ՀԱՊԿ քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ադրբեջանը վերջերս հաղորդում է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների, հայկական զինված ուժերից շուրջ 11 հազար հեկտար տարածք ետ գրավելու, նոր դիրքեր տեղակայելու մասին, ինչը հայկական կողմը հերքում է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես իրենց տարածքում:

Հուլիսի 1-ին Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ հայկական Զինված ուժերը կրակ են բացել և թույլ չեն տվել ադրբեջանական զինված ուժերին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նախիջևանյան ուղղությամբ, ադրբեջանական կողմի դիրքերից մեկը հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է։

Երեկ էլ սահմանի նախիջևանյան հատված էր այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG