Մատչելիության հղումներ

Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական դիրքերից մեկը հայկական կրակից ավերվել է. ՊՆ խոսնակ


Հայկական զինված ուժերը կրակ են բացել և թույլ չեն տվել ադրբեջանական զինված ուժերին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել նախիջևանյան ուղղությամբ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը», ֊ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկացնում է Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ադրբեջանական կողմի դիրքերից մեկը հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է։

«Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը», ֊ նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

Անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոտ 30 րոպե տևողությամբ տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով, թե շուրջ 11 հազար հեկտար հայկական տարածք է գրավել, տեղակայել նոր դիրքեր, դրանց համար կառուցել 50 կմ ճանապարհ։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութի, առաջխաղացած նոր դիրքերից ուղիղ նշանառության տակ են հայտնվել հայկական մի շարք համայնքներ, վարելահողեր, ինչպես նաև այդ ուղղությամբ Երևանը Ստեփանակերտին կապող միակ ռազմավարական նշանակության ճանապարհը։

Հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանի առաջխաղացումը բացառապես սեփական տարածքում է եղել և հայկական գյուղերը անհասանելի են Ադրբեջանի հրաձգային զինատեսակների համար։

Այդուհանդերձ, այսօր անդրադառնալով վերջին շրջանում սահմանային լարվածությանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Հայաստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձության զարգացման ցանկացած սցենարի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG