Մատչելիության հղումներ

Խորհրդարանական աշխատանքային խումբն ավարտեց ԸՕ-ի բարեփոխումների քննարկումը


Ընտրական բարեփոխումների համար խորհրդարանում ստեղծված աշխատանքային խումբն այսօր լսեց վերջին՝ «Ծառուկյան» խմբակցության առաջարկությունները։

«Ելք»-ի և Դաշնակցության նման, «Ծառուկյան» խմբակցության համար առաջնային հարցը տարածքային, կամ ինչպես առավել հաճախ է օգտագործվում, ռեյտինգային ընտրակարգի վերացումն է։

Առաջարկները ներկայացնող Սերգեյ Բագրատյանը վերջին խորհրդարանական ընտրությունները հիշատակեց․ ներկայիս ընտրակարգը, ըստ նրա, քաղաքական պայքար չապահովեց։

Ռեյտինգային համակարգը պաշտպանող միակ ուժի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը կրկին առարկեց․ - «Ուզում եմ մեկ անգամ ևս առաջարկել, որ դուք ես, երբ վերանայելու լինեք այս մոդելը, անպայման անդրադարձ կատարեք տարածքներում ցուցակներին: Պարտադիր չէ, որ դրանք լինեն բաց ցուցակները, չնայած կարող են լինել բաց, բայց հաշվարկի ձևը փոխվի, և այլն: Բայց տարածքային ցուցակ, երբ տեղի ժողովուրդը պետք է որոշի, թե ովքեր են իրեն ներկայացնելու և ներկայացնելու են թե ոչ, սա, կարծում եմ, շատ կարևոր տարր կլինի»:

«Կոնկրետ Վայոց ձորում մենք տասը թեկնածու ունեինք, և ութը Երևանի գրանցումով էին: Եվ այդ երկուսը, որ տեղի գրանցում ուներին ամենաքիչ ձայնը հավաքեցին: Այսինքն նորից չապահովվեց այն, որ մարզերից անպայման ներկայացված լինեն կոնկրետ մարզում ապրող քաղաքացիները, լինեն թեկնածուներ և անցնեն Ազգային ժողով», - հակադարձեց Բագրատյանը:

Մարզերի ներկայությունն ապահովելու համար «Ծառուկյան» խմբակցությունը առաջարկում է ռեյտինգայինի փոխարեն համապետական ցուցակում յուրաքանչյուր 6-րդ համարում ընդգրկել մարզերում ապրող թեկնածուների։

«Ծառուկյան» խմբակցությունն ընդհանուր առմամբ շուրջ 2 տասնյակ առաջարկ ներկայացրեց, զգալի մասը համընկնում էր «Ելք»-ի և Դաշնակցության առաջարկների հետ։ Դրանցից մեկը, օրինակ, ընտրակեղծարարության համար սահմանված պատիժների խստացումն է։

Էդմոն Մարուքյանը («Ելք») վերջին ընտրությունների վիճակագրությունը հիշեցրեց․ դատարան հասած բոլոր գործերն ավարտվել են տուգանքով․ - «Եղել է անպատժելության մթնոլորտ, միջավայր ընտրական հանցագործությունների հետ կապված: Ես հիշում եմ վերջին դեպքերը, որ հաղորդումները տվել էինք, բոլորին տուգանեցին, ոչ մեկը չազատազրկվեց»:

Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան») առաջարկեց ընտրակեղծարարներին թույլ չտալ օգտվել համաներումից․ - «Եկեք Քրեական օրենսգրքում ամրագրենք, որ համաներում, ինչպես նաև մարդասիրական մյուս միջոցառումները կիրառելի չեն առանձին տեսակի ընտրախախտումների նկատմամբ»:

Առաջարկություններից վերջինը սպաներին զինծառայողների հետ ընտրատեղամասում գտնվելու արգելքին էր վերաբերում։ Սերգեյ Բագրատյանը պնդեց, թե զինվորներին ընտրության բերող սպաները ստիպում են քվեարկել իշխող ուժի օգտին: Ասաց, որ ինքն անձամբ է կանխել նման մի դեպք։

Առաջարկն անիրատեսական համարեց քննարկմանը Հանրապետական կուսակցությունից մասնակցող նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը․ - «Դուք ասում եք մի բան, որը կյանքի հետ ոչ մի առնչություն, աղերս չունի: Որովհետև սպան, ներկա լինելով տեղամասում, երբեք քվեախցիկի մոտ չի հետևում, թե ոնց ա քվեարկում զինվորը: Դա ապահովված է շատ հստակ: Իսկ եթե հետևելու լինի, դա հանգիստ կարա անի իր հետ քվեարկող մեկ այլ զինվոր, և դուք կյանքում դա չեք կարա օրենքով ամրագրեք»:

«Ձեզ ներկայացնեմ իրողությունը», - արձագանքեց Բագրատյանը: - «Իրականությունը հետևյալն է․ մտել են տեղամաս քվեարկության, սպան կանգնել է քվեախցիկի կողքը, զինվորները հերթով քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին և դուրս են եկել: Մենք ստուգել ենք․․․ Արին գյուղում 2017 թվականի ապրիլի ընտրությանը ես ինքս գնդապետին մի կերպ եմ դուրս արել տարածքից բնակիչների բողոքի հիման վրա, որովհետև քաղաքացիները՝ դպրոցի տնօրեն, աշխատող, վախենում են ձեր գնդապետից, չեն համարձակվում ասել դուրս արի տեղամասից: Ստիպված ես եկել եմ, դուրս եմ արել տեղամասից: Նկարված ա ամբողջովին, կարող եք նայել»:

Այսքանով խորհրդարանում ձևավորված աշխատանքային խումբն ավարտեց առաջարկների ներկայացման փուլը, դրանք կմեկտեղվեն մեկ ընդհանուր փաստաթղթում՝ տարբերակելով ընդունելիներն ու չհամաձայնեցվածները։ Հաջորդ շաբաթվանից արդեն խորհրդարանական ուժերը աշխատանքները կշարունակեն վարչապետի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի հետ համատեղ։

Արդյունքում կողմերն ակնկալում են կոնսեսուսի հասնելով մշակել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեկ միասնական նախագիծ, ինչից հետո քննարկումները կծավալվեն արդեն արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ։

Անցյալ ամիս ներկայացրած Կառավարության ծրագրով, արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն առավելագույնը մեկ տարում։

XS
SM
MD
LG