Մատչելիության հղումներ

ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը «պակաս ժողովրդավար» է համարում ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունը


Դավիթ Հարությունյան, արխիվ

Ֆիքսված ցուցակներով 100 տոկոսով համամասնական ընտրակարգը լուրջ թերություններ ունի, այն համարվում է պակաս ժողովրդավար համակարգ: Այս կարծիքին է արդարադատության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

Խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ կիրառված «ռեյտինգային» համակարգից հրաժարվելու և փակ ցուցակներով ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը երեկ ամրագրել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովը:

Հանրապետականի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը դեռ չի հստակեցնում՝ արդյո՞ք խորհրդարանական քննարկումների ժամանակ իրենք դեմ են հանդես գալու կառավարության այս առաջարկին: «Անշուշտ, անհրաժեշտ է քննարկում: Մենք պետք է հստակ գնահատական տանք՝ արդյո՞ք այդ թերությունները չեն խանգարելու մեր երկրի զարգացմանը: Բանն այն է, որ փակ ցուցակների կարգը, երբ կուսակցության վերնախավը որոշում է, թե ինչ հերթականությամբ են ընտրվելու պատգամավորների թեկնածուները, իրականում պակաս ժողովրդավար է համարվում այն համակարգերից, երբ ժողովուրդն իր ձայնով որոշում է, թե կոնկրետ կուսակցության որ քաղաքական գործիչները պետք է ընտրվեն պատգամավոր: Սա առաջին լուրջ թերությունն է, որը, որպես կանոն, նվազեցնում է ժողովրդավարության աստիճանը, որովհետև դառնում է կուսակցության վերնախավի միանձնյա որոշումը»,- «Ազատությանն» ասաց Դավիթ Հարությունյանը:

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պնդմամբ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ներկա դրությամբ ռեյտինգային համակարգի կիրառումը հանգեցնում է մի իրավիճակի, երբ կուսակցությունների փոխարեն առաջնային է դառնում անհատների դերը: Ըստ Միրզոյանի՝ նաև սա է 100 տոկոս համամասնականի անցնելու պատճառը: «Նաև ընտրություններն առավելագույնս քաղաքականացնելու նպատակ ունի այս ընտրակարգի ֆիքսումը»,- հավելում է առաջին փոխվարչապետը:

Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդունված Ընտրական օրենսգրքի հեղինակներից Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը հանգեցնելու է «երևանակենտրոն» ընտրությունների: «Տարածքային բաց ցուցակների պարագայում յուրաքանչյուր ընտրող գիտի, թե իր տարածքն ով է ներկայացնում խորհրդարանում, ով է այն պատգամավորը, ում ինքը պետք է դիմի իր հարցերով, հորդորներով»,- ասում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամը:

Վարչապետին կից հանձնաժողովը նաև որոշել է Ազգային ժողովին ներկայացվելիք նախագծով կուսակցությունների և դաշինքների համար 1 տոկոսով իջեցնել խորհրդարան անցնելու անցողիկ շեմը: Խորհրդարանում այս պահին մեծամասնություն կազմող Հանրապետականի ներկայացուցչի խոսքով՝ անցողիկ շեմերի նվազեցմանը միանշանակ կողմ կամ դեմ հանդես գալ հնարավոր չէ:

«Ես կարծում եմ, որ մենք դեռևս գտնվում ենք քաղաքական զարգացման այն փուլում, երբ մեզ անհրաժեշտ է թեկուզ մի քանի կայացած կուսակցություն ունենալ, ու նոր դրանից հետո անդրադառնալ այդ հարցին: Շեմը իջեցնելն ինքնանպատակ չպետք է լինի, մենք պետք է հասկանանք՝ ինչ նպատակ ենք հետապնդում: Կարծում եմ, որ այն նպատակը, որը բարձրաձայնվում է այսօր, դա առաջնահերթություն չի ներկայացնում մեր քաղաքական զարգացման առումով»,- ասում է հանրապետական Դավիթ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG