Մատչելիության հղումներ

Բրիտանիայի երկու քաղաքացիները թունավորվել են նույն նյութով, ինչ Սկրիպալները. Սքոթլանդ Յարդ


Մեծ Բրիտանիա - Իրավապահները քննչական աշխատանքներ են իրականացնում Էյմսբերիում, 4-ը հուլիսի, 2018թ․
Մեծ Բրիտանիա - Իրավապահները քննչական աշխատանքներ են իրականացնում Էյմսբերիում, 4-ը հուլիսի, 2018թ․

Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Նիլ Բասուն հայտարարել է, որ Բրիտանիայի երկու քաղաքացիները թունավորվել են «Նովիչոկ»-ով՝ նույն քիմիական նյութով, ինչ ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը: Ուսումնասիրության արդյունքները ստացվել են պաշտպանության նախարարության լաբորատորիայից:

45-ամյա Չարլի Ռոուլը և 44-ամյա Դոուն Սթերջեսը հունիսի 30-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել էին իրենց տանը՝ Սոլսբերիից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էյմսբերի քաղաքում: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Սոլսբերիի հիվանդանոց:

Ռոուլի և Սթաջեսի մասնագիտության և աշխատանքի վայրի մասին չի հաղորդվում, բայց ոստիկանության ներկայացուցիչն ասել է, թե նրանց կենսագրությունում հատուկ ծառայություններին առնչություն ունենալու կասկածներ չկան, և ենթադրաբար նրանք չէին կարող հարձակման թիրախ լինել: Ենթադրվում է, որ երկու բրիտանացիները թունավորվել են պատահականորեն: Անցած ուրբաթ նրանք այցելել էին Սոլսբերի, սակայն չէին մոտեցել Սկրիպալների թունավորման ժամանակ վարակված վայրերին:

Սերգեյ և Յուլիա Սկրիպալները թունավորվել էին այս տարվա մարտին Սոլսբերիում, բրիտանացի իրավապահների տվյալներով՝ «Նովիչոկ» քիմիական նյութից:

Սկրիպալների թունավորումը հանգեցրել է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև աննախադեպ դիվանագիտական լարվածության: Պաշտոնական Լոնդոնը տեղի ունեցածում մեղադրում է Ռուսաստանին, և ի պատասխան Մեծ Բրիտանիայի տարածքում քիմիական զենքի կիրառման՝ վարչապետ Թերեզա Մեյը երկրից արտաքսել է 23 ռուսաստանցի դիվանագետների, ինչին Մոսկվան նույն կերպ է պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG