Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ապօրինի է


Շվեյցարիա - Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բեռնում, 3-ը հուլիսի, 2018թ․
Շվեյցարիա - Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բեռնում, 3-ը հուլիսի, 2018թ․

Վիեննա այցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին հաստատել է՝ Թեհրանը հավատարիմ կմնա 2015 թվականին գերտերությունների հետ կնքված միջուկային համաձայնագրին այնքան ժամանակ, որքան որ իր շահերը կերաշխավորեն փաստաթուղթը ստորագրած մյուս կողմերը:

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Իրանի նախագահը հայտարարել է, թե համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը «ապօրինի» է:

«Ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ այլ երկիր չի շահի համաձայնագրից դուրս գալուց», - ասել է Ռոհանին:

Իրանի նախագահը արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ուղեկցությամբ Ավստրիայում բանակցություններ է անցկացնում այդ երկրի իշխանությունների հետ: Մինչ այդ նա Շվեյցարիայում էր:

Հուլիսի 6-ին Իրանի և հինգ գերտերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպելու են՝ քննարկելու միջուկային համաձայնագրի պահպանման ուղիները դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:

Աշխարհի վեց գերտերությունների և Իրանի միջև երեք տարի առաջ ստորագրված միջուկային համաձայնագիրը ենթադրում է պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրերի սահմանափակում՝ Արևմուտքի պատժամիջոցները մեղմելու դիմաց:

Այս տարվա մայիսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG