Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը այսօր ժամանում է Վիեննա


Շվեյցարիա - Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բեռնում, 2-ը հուլիսի, 2018թ․
Շվեյցարիա - Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բեռնում, 2-ը հուլիսի, 2018թ․

Մի քանի ժամից Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկօրյա այցով կժամանի Վիեննա: Չորս օր առաջ Եվրամիության նախագահությունը ստանձնած Ավստրիայի ղեկավարության հետ Իրանի նախագահը քննարկելու է 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի փրկության հեռանկարները:

Վաշինգտոնի համաձանագիրը լքելու որոշումից հետո էլ Եվրամիության ղեկավարները շարունակում են պնդել, որ հավատարիմ են երեք տարի առաջ կնքված այս փաստաթղթի դրույթներին և կոչ են անում Իրանի իշխանությունների հապշտապ քայլեր չձեռնարկել ու չհետևել Թրամփի վարչակազմի օրինակին:

Հասան Ռոհանիի խոսքով՝ Իրանի իշխանությունները առայժմ հակված չեն կտրուկ գործողությունների, սակայն իրադրությունը կարող է փոխվել ցանկացած պահի: Այս մասին Իրանի նախագահը հայտարարեց Վիեննա ուղևորվելուց մի քանի ժամ առաջ` Շվեյցարիա այցի շրջանակում:

«Նախկինում էլ ասվել է, որ քանի դեռ միջուկային համաձայնագրի շրջանակում մեր ազգային շահերը հաշվի են առնվում, քանի դեռ մենք զգում ենք, որ կարողանում ենք օգուտներ քաղել այս համաձայնագրից, մենք հավատարիմ կմնանք այդ փաստաթղթի դրույթներին», - հայտարարում էր Ռոհանին իր շվեյցարացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Հայտնի է, սակայն, որ պաշտոնական Վաշինգտոնը միջուկային համաձայնագրի չեղարկմամբ չի սահմանափակվում: Երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավար Բրայան Հուքը հայտարարեց, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակներից մեկը իրանական նավթը միջազգային շուկաներից դուրս մղելն է:

«Ինչ-որ մի ամերիկացի պաշտոնյա հայտարարեց, թե Միացյալ Նահանգների նպատակը իրանական նավթի արտահանումները զրոյին հասցնելն է: Իրականում ես կարծում եմ, որ դա չափազանցություն է, և նման ծրագիրը կյանքի կոչել պարզապես հնարավոր չէ», - պնդում էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG