Մատչելիության հղումներ

Բոլթոն. Թրամփը կարծարծի ընտրություններին ռուսների միջամտության հարցը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, Մոսկվա, 27-ը հունիսի, 2018թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, Մոսկվա, 27-ը հունիսի, 2018թ.

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ի շարս այլ հարցերի կարծարծի 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտության թեման:

Բոլթոնի փոխանցմամբ, ինքն էլ է այդ հարցին անդրադարձել վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում Կրեմլում Պուտինի հետ զրույցում:

«Իհարկե, մենք խոսել ենք և՛ 2016-ի, և՛ այս տարվա նոյեմբերի 6-ին կայանալիք Կոնգրեսի ընտրությունների վերաբերյալ ռուսների ակտիվության մասին», - ասել է Բոլթոնը CBS հեռուստակայանի Face the Nation հաղորդաշարը վարող թղթակցին: «Կարծում եմ, սա պետք է մեզ մտահոգի, դրա պատճառով էլ նախագահը Պուտինի հետ խոսելու է այդ մասին», - նշել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:

Ըստ Բոլթոնի, Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը պետության մակարդակով որևէ կերպ չի փորձել միջամտել 2016-ի ընտրություններին:

Բոլթոնը նշում է, որ Պուտինի այդ պնդումը որոշակիորեն տարբերվում է ռուսաստանցի մյուս պաշտոնյաների հավաստիացումներից առ այն, թե ռուսներն ընդհանրապես չեն միջամտել ամերիկյան ընտրություններին:

«Կարծում եմ, նախագահ Թրամփը պետք է շարունակի հետապնդել այդ հարցը, և, թերևս, դա էլ ընդգծում է երկու ղեկավարների հանդիպման կարևորությունը», - ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը և ավելացրել. - «Ռուսաստանում որոշումներ կայացնողը Պուտինն է, դրա համար էլ Թրամփը պետք է նրա հետ խոսի»:

Reuters-ը նշում է, որ Թրամփը մի քանի առիթներով գովեստով է խոսել Պուտինի մասին և պնդել է, որ անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները Ռուաստանի հետ, քանի որ դա կբխեր և՛ ամերիկացիների, և՛ ռուսների, և՛ միջազգային համայնքի շահերից:

Այնուամենայնիվ, Թրամփի որոշ մեկնաբանություններ հատկապես Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի մասին մտահոգություն են առաջացրել Արևմուտքում, որտեղ պետական այրերից ու փորձագետներից շատերը հարց են տալիս, թե արդյոք Միացյալ Նահանգները ցանկանում է շարունակել արևմտյան դեմոկրատական աշխարհի թիվ մեկ առաջնորդի և անվտանգության երաշխավորի պատմական առաքելությունը:

Թրամփի համոզմամբ, Ռուսաստանը՝ որպես գերտերություն, կարևոր դեր է կատարում միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հարցերում, հետևաբար, հնարավոր չէ հաշվի չառնել այդ հսկայական երկրի շահերն ու տեսակետները:

Վաշինգտոնը նշում է, որ Թրամփը Պուտինի հետ քննարկելու է Սիրիայի և Ուկրաինայի խնդիրները:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ այսօրվա դրությամբ դժվար է խոսել ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման մասին:

«Կապերի ակտիվացումն ինքնին դրական հանգամանք է, սակայն չշտապենք խոսել բարելավման մասին», - ասել է Պեսկովը:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները կհանդիպեն հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG