Մատչելիության հղումներ

Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա Հելսինկիում, հուլիսի 16-ին


Վիետնամ, 11-ը նոյեմբերի, 2017 թ․

Կրեմլը և Սպիտակ տունն այսօր միաժամանակ հայտարարեցին` ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին։

Սա կլինի Թրամփ-Պուտին առաջին գագաթնաժողովը: Մինչ այս հանդիպումը երկու նախագահները երկու հանդիպում են ունեցել Գերմանիայում և Վիետնամում անցկացված միջազգային համաժողովների շրջանակներում: Սա կդառնա նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների առաջին գագաթնաժողովը Ղրիմի անեքսիայից հետո։

Մեկնաբաններն այն արդեն կոչում են պատմական։ Կրեմլի տարածած հաղորդագրությունում ասված է, որ նախագահները քննարկելու են երկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային օրակարգի հրաապ հարցերը, այդ թվում՝ Ուկրաինային և Սիրիային առնչվող։ Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում էլ նշված է, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ ազգային անվտանգության հետ կապված հարցեր:

Ամերիկյան լրատվամիջոցները շեշտում են՝ Պուտին- Թրամփ գագաթնաժողովը կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո: Դա թերևս կարևոր է Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների համար։ Բրիտնական մամուլը, ինչպես նախօրեին, այսօր ևս գրել է, որ Լոնդոնում մտավախություն կա, թե Թրամփն ու Պուտինը ինչ-որ բանի շուրջ կպայմանավորվեն, ինչը կթուլացնի հյուսիսատլանտյան դաշինքը:

Ի դեպ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի օրակարգի հիմանական հարցերից մեկը «Ռուսաստանի ագրեսիան» է և «այն զսպելու՝ ՆԱՏՕ-ի ջանքերը»: Նաև այս համատեսքստում է դիտվում այն, որ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվա այցից առաջ բանակցություններ է վարել նաև Լոնդոնում ու Հռոմում:

Երկու նախագահների հանդիպումը կազմակերպելու համար, հիշեցնենք, Մոսկվա է այցելել անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը: Երեկ նա Մոսկվայում բանակցություններ է վարել նախ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ապա Բոլթոնին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի հետ բանակցությունները տևել են շուրջ 2 ժամ, դրանց ավարտից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան ու Վաշիգնտոնը համաձայնեցրել են Դոնալթ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման դետալները։ Երեկ Մոսկվայում կայացած մամլո ասուլիսին Բոլթոնը հայտարարել էր, որ ռուսական և ամերիկյան կողմերը սպասվող գագաթնաժողովի մասին պաշտոնապես կտեղեկացնեն այսօր, ինչն էլ տեղի ունեցավ:

Այսօր ամերիկյան «Ֆոքս նյուզը», հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը տեղի կունենա Հելսինկիում։ Երեկ գիշերը ԱՄՆ նախագահը ևս հայտարարեց, որ Պուտինի հետ իր հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Հելսինկիում, և ինքը մտադիր է ՌԴ առաջնորդի հետ քննարկել Ուկրաինայի և Սիրիայի հետ կապված հարցեր։

Առաջիկա հանդիպման որոշ մանրամասներ էլ այսօր «Բլումբերգին» հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, ասելով, թե նախագահները քննարկելու են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հնարավորությունը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա «Մեծ ութնյակ», քանի որ առանցքային խաղացող է միաջգային ասպարեզում, և Ռուսաստանի հետ պետք է երկխոսել կարևոր հարցերի շուրջ։ Թրամփի խորհրդականը Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ երեկ հայտարարել է․ «Թրամփ-Պուտին հանդիպումն, իմ կարծիքով, պետք է նպաստի ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և կայունությանն ամբողջ աշխարհում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG