Մատչելիության հղումներ

Համաձայնեցվել են Թրամփ - Պուտին հանդիպման ժամկետն ու վայրը


Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվել են, թե որտեղ և երբ են հանդիպելու ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները:

Նա նշել է, որ հավելյալ մանրամասների մասին տեղեկատվություն կտա վաղը՝ հունիսի 28-ին:

Ուշակովի խոսքով, հանդիպումը տևելու է մի քանի ժամ, քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, սիրիական ճգնաժամը, սպառազինության կրճատումը: Նախատեսված է նաև համատեղ հայտարարության ստորագրում:

Այսօր ավելի ուշ Մոսկվայում կայանալու է Միացյալ Նահագների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի մամուլի ասուլիսը:

Ամերիկացի պաշտոնյային արդեն ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչը, ըստ դիտորդների, վկայում է, որ Թրամփ - Պուտին հանիպումն առաջիկայում կկայանա:

Կրեմլում Բոլթոնի հետ հանդիպմանը Պուտինը հայտատարել է, որ Ռուսաստանը երբեք չի ձգտել Միացյալ Նահագների հետ հակամարտության, և առաջարկել է քննակել քայլեր, որոնք կվերականգնեն ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Պուտինի խոսքով, Բոլթոնի այցը Մոսկվա հույս է ներշնչում, որ կողմերին կհաջողվի հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ առաջին քայլերն անել։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ հարաբերությունները երկու երկրների միջև վատացել են ԱՄՆ ներքաղաքական տարաձայնությունների պատճառով:

Ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի խորհրդականն իր հերթին հույս է հայտնել, որ բանակցություններում կքքնարկվի երկու երկրների հարաբերությունները բարելավելու հնարավորությունը այն ուղղություններով, որտեղ Միացյալ Նահանգներ ու Ռուսաստանն ունեն համաձայնություն:

Բոլթոնի հետ հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնն Հիլը և նույն հարցերով տնօրեն Ջո Վենգը, ինչպես նաև Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը: Ռուսաստանյան կողմից կմասնակցեն Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպմանը քննարկվելու է ռուս-ամերիկյան հարաբերությունների «տխուր իրավիճակը»:

Մոսկվա ժամանելուց առաջ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Լոնդոնում և Հռոմում հանդիպել է ԱՄՆ-ի դաշնակիցներին։ Բոլթոնի հիմնական առաքելությունն է կարգավորել հարցերը հուլիսի կեսերին կայանալիք Միացյալ Նահանգներ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար:

Ավելի վաղ արևմտյան մամուլը գրել էր, որ հանդիպումը տեղի է ունենալու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հուլիսի 15-ին: Սա սկզբունքային հարց է Միացյալ Նահանգների դաշնակից Մեծ Բրիտանիայի համար, քանի որ հուլիսի 11-12-ին Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ- գագաթնաժողովը, որի օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցնում Ռուսաստանի ագրեսիան զսպելու հետ կապված հարցերը։ Իսկ հուլիսի 13-ին Դոնալդ Թրամփը պետք է այցելի Մեծ Բրիտանիա։ Լոնդոնի համար կարևոր է, որ Թրամփը Պուտինի հետ հանդիպի Բրյուսելում և Լոնդոնում կայանալիք բանակցություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG