Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյան. Որպես հակամարտության հիմնական կողմ՝ Ղարաբաղը պետք է ունենա որոշիչ ձայն


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

«Պատահական չէ, որ Գերմանիան Եվրամիության առաջին երկիրն է, որ ես պաշտոնական այց եմ իրականացնում իմ նոր կարգավիճակում, ինչն ինքնին լավագույնս բնորոշում է մեր գործընկերությունը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Բեռլինում Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նա հայտնել է, որ գերմանացի գործընկերոջ հետ շատ բովանդակալից և համապարփակ զրույց են ունեցել բոլոր հարցերի շուրջ: «Հանդիպմանը ես ներկայացրեցի Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք հանգեցրին Սահմանադրության ու օրենքների շրջանակներում կառավարության ժողովրդավարական փոփոխությանը: Մենք կարևորեցինք թավշյա հեղափոխությանը զուգորդած իրադարձությունների խաղաղ բնույթը և զսպվածությունը՝ ընդգծելով Հայաստանում ժողովրդավարության և պետական հաստատությունների հասունությունը: Ես վերահաստատեցի Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու, բարեփոխումների գործընթացին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ՝ կարևորեցի և ակնկալիք հայտնեցի, որ Հայաստանի գործընկերները, այդ թվում Եվրամիության հիմնադիր և առաջատար երկրները, նաև Գերմանիան շարունակական աջակցություն կցուցաբերեն և կշարունակեն մեզ հետ աշխատել այս ուղղությամբ», - ասել է Մնացականյանը: - «Մենք հաստատակամ ենք շարունակելու գործընկերությունը Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության խորացման և բազմաթիվ այլ ուղղություններով»:

«Արժանահիշատակ է, որ Գերմանիան ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարած համախառն ներդրումների ծավալով զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանին։ Մեր երկկողմ օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ֆինանսական և տեխնիկական համագործակցությունը, մենք արժևորում ենք նաև գերմանական միջազգային համագործակցության գործակալությունների` GIZ-ի և KFW-ի գործունեությունը Հայաստանում: Մենք երախտապարտ ենք Գերմանիայի ժողովրդին անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օժանդակության համար, ինչը կարևոր դեր է ունեցել մեր երկրում տնտեսության զարգացման և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում», - հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը: - «Մենք կարևորում ենք նաև զբոսաշրջության զարգացման ուղղությունը: Պետք է նշեմ, որ 2018թ. հունվար-մարտ ամիսներին Գերմանիայից Հայաստան այցելուների քանակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47 տոկոսով, իսկ այս տարվա հունիսի 17-ից մեկնարկել է Բեռլին-Երևան ուղիղ չվերթը, որն անկասկած զգալիորեն կնպաստի զբոսաշրջության աճին»:

«Անշուշտ, մեր հանդիպման օրակարգում էր նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը: Այս համատեքստում մենք ընդգծեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ նշելով, որ այն, հանդիսանալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր հանգրվան, միաժամանակ համագործակցության նոր հեռանկարներ է բացումնաև ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Ապրիլի 11-ին Համաձայնագիրը միաձայն վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից, իսկ դրա միջանկյալ կիրարկումը Հայաստանի համար սկսել է հունիսի 1-ից։ Համաձայնագիրը վավերացվել է նաև ԵՄ անդամ մի շարք երկրների խորհրդարաններում և վստահ ենք, որ մոտ ապագայում Գերմանիայում այն նույնպես կանցնի ներքին բոլոր ընթացակարգերը», - Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը, շարունակելով. - «Մենք նաև խոսեցինք տարբեր ձևաչափերի մասին, որոնք վերաբերում են Եվրամիության և Եվրասիական միության միջև համագործակցության ուղիներն ուսումնասիրելուն և զարգացնելուն: Հայաստան-Եվրամիություն օրակարգում շարունակում է բաց մնալ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը և մենք միասին խոսեցինք այս բնագավառին վերաբերող հարցերի շուրջ։ Իմ նախորդ հանդիպումներում ևս՝ այս երկու օրվա ընթացքում ընդգծեցինք, որ վստահ ենք, որ հեշտությամբ կկարողանանք գտնել պրագմատիկ լուծումներ, որովհետև մենք որևէ հակասություն չունենք այս հարցում և լավ փորձ ունենք՝ միասին աշխատելու պրագմատիկ դաշտում և պրագմատիկ լուծումներ գտնել այս ամենի համար»:

Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ «Ես վերահաստատեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի շրջանակներում։ Նշելով, որ հայկական կողմի համար Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը հանդիսանում են կարևոր առաջնահերթություններ՝ ընդգծեցի, որ որպես հակամարտության հիմնական կողմ Լեռնային Ղարաբաղը երկարաժամկետ և մնայուն խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ունենա որոշիչ ձայն: Հայկոյի հետ մենք նաև համակարծիք էինք խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևոր հարցում։ Այս համատեքստում մենք շատ բարձր ենք գնահատում Գերմանիայի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Երկու երկրների արտգործնախարարները անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներին՝ մասնավորապես քննարկելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումները և Սիրիայում տիրող իրավիճակը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերմանացի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար և, իր հերթին, նրան հրավիրել է այցելելու Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG