Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը շնորհավորել է Էրդողանին ընտրություններում հաղթանակի առթիվ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 16-ը մայիսի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 16-ը մայիսի, 2018թ․

Երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին` կիրակնօրյա ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ:

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Էրդողանն ու Թրամփը նաև պայմանավորվել են բարելավել երկկողմ թուրք-ամերիկյան հարաբերությունները` «նախևառաջ պաշտպանության և անվտանգության ոլորտներում»:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը նաև քննարկել են սիրիական Մանբիջ քաղաքում տիրող կացությունը և առաջիկա շաբաթներին երկկողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի պնդմամբ, Թրամփ-Էրդողան բանակցությունները կկայանան Բրյուսելում` հուլիսի 11-12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Վերջին օրերին, սակայն, ամերիկյան քաղաքական շրջանակների մի շարք ներկայացուցիչներ Սպիտակ տան պաշտոնյաներին կոչ էին անում Էրդողանին ուղղված շնորհավորանքների հարցում շատ չշտապել` ընդգծելով հատկապես Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար կացությունը:

Ամերիկյան Կոնգրեսի թերևս ամենահայտնի հայամետ անդամներից մեկը` Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ Ադամ Շիֆը Twitter-ի իր էջում գրել էր․ - «Այս կիրակի Էրդողանը չակերտավոր հաղթանակ արձանագրեց իր վերընտրության ընթացքում միայն ընդդիմության թուլացման, ձերբակալությունների, բռնությունների և մամուլի ազատության ճնշման շնորհիվ: Թուրքիայում ավտորիտար համակարգի հաստատումը ևս մեկ հիշեցում է առ այն, որ այսօր աշխարհով մեկ ժողովրդավարությունը հարձակման թիրախի է վերածվել: Մի շնորհավորեք [Էրդողանին]»:

Ադամ Շիֆի այս գրառմանը, նույնպես Twitter-ի միջոցով, գրեթե անմիջապես հակադարձեց Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Կոնգրեսական Ադամ Շիֆ, նախագահ Էրդողանը հաստատ ձեր շնորհավորանքի կարիքը չունի: Թուրքիայի ժողովուրդն արտահայտել է իր տեսակետը: Պարզապես կտրեք ձեր ձայնը», - գրել էր Էրդողանի խոսնակը:

Ի դեպ, նույն ժամերին, երբ Թրամփն ու Էրդողանը միմյանց հետ հեռախոսով էին շփվում, իսկ Twitter-ում Ադամ Շիֆի և Իբրահիմ Քալընի հեռակա բանավեճն էր ծավալվել, Վաշինգտոնում` Սենատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովում ևս քննարկում էին Թուրքիայի հետ հարաբերությունները:

Սենատում կազմակերպված լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը չբացառեց Անկարայի դեմ պատժամիջոցների հեռանկարը: Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ դա ավելի քան հավանական կդառնա, եթե Թուրքիան շարունակի խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ:

«Թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ մեր բոլոր շփումների ընթացքում մենք շատ հստակորեն նշել ենք, որ [Ռուսաստանից] C-400 (S-400) համակարգերի ձեռքբերման դեպքում բարդություններ են ի հայտ գալու: Այս մասին մենք բազմիցս ասել ենք Թուրքիայի կառավարության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներին: Երբ պարզ դառնա, որ այս համակարգերի համար վճարումն արդեն իսկ կատարվել է, պատժամիջոցներ կսահմանվեն: Բացի այդ, մենք նշել ենք, որ C-400 համակարգերի ձեռքբերումը անխուսափելիորեն ազդելու է ռազմական արդյունաբերության ասպարեզում Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև ծավալված համագործակցության հեռանկարների վրա: Դա վերաբերում է նաև [Թուրքիայի կողմից ] F-35 օդանավերի ձեռքբերմանը», - հայտարարում էր Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG