Մատչելիության հղումներ

Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել նաև Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի միջադեպի գործով


Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, Երևան, 2-ը հունիսի, 2018թ․
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, Երևան, 2-ը հունիսի, 2018թ․

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ Արարատի մարզի Հայանիստ և Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն (ՔԿ):

Հաղորդագրության համաձայն՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետի մասնակցության վերաբերյալ։

Քննչական կոմիտեն հիշեցնում է՝ ապրիլի 22-ին Մասիս բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքներ թափանցող հրազենային վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 60-ամյա մի բնակիչ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նա հրազենային վնասվածքն ստացել է Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որտեղ մի շարք բնակիչներ մասնակցել են բողոքի ակցիային։

Դեպքի առթիվ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ապրիլի 25-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»: Գործով հետագա նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։ Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվել են անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, հարցաքննվել տարբեր անձինք։

«Նախնական քննության տվյալներով՝ Արարատի մարզի մի շարք բնակիչներ ապրիլի 22-ին երթով շարժվել են դեպի Երևան՝ մասնակցելու ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին։ Երթն արգելելու համար ժամը 16:00-17:00-ի սահմաններում մի խումբ անձինք՝ առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենաներով, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում փակել են դեպի Երևան տանող ճանապարհը, բռնություն գործադրել երթի մասնակիցների նկատմամբ, կիրառել հրազեն։ 4 անձ ճանաչվել է տուժող։ Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ, և հունիսի 23-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սույն քրեական գործով պարզվել է նաև միջադեպի ժամանակ հրազեն կիրառած անձի ինքնությունը, ով Մասիս քաղաքի բնակիչ է, և դեռևս մայիսի 17-ին որոշում է կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել հետախուզում», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, Մասիսի քաղաքապետին ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել մեկ այլ քրեական գործով՝ Երևանի Էրեբունի թաղամասում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: Համբարձումյանը ձերբակալվել էր, սակայն դատարանը մերժեց նրան կալանավորելու՝ քննչական մարմնի միջնորդությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG