Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ավագանու ընդդիմադիր «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամները մի քանի անգամ կոչ արեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրաժարական ներկայացնել:

Մարգարյանը, սակայն, այդ կոչերին չէր արձագանքում և օրակարգային հարցերից էր խոսում։

Օրակարգում այսօր ընդամենը չորս հուշատախտակներ տեղադրելու մասին հարցերն էին քննարկվում:

«Փոխվել է իրադրություն, փոխվել է քաղաքական իշխանություն, ուրեմն էդ փոփոխությունը պիտի լինի նաև քաղաքապետարանում: Պարոն Մարգարյան, պատվով գնացեք», - ասաց «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը:

«Պարոն Մարգարյան, Դուք էլ եք ոչ-լեգիտիմ, այս ավագանին էլ է ոչ-լեգիտիմ: Այս ավագանին պետք է ցրել, և ես հույս ունեմ, Դուք այդ արիությունը և այդ իրավական հնարավորությունները կունենաք, որպեսզի ցրեք այս ավագանին», - հավելեց Մարինա Խաչատրյանը («Երկիր Ծիրանի»):

Քաղաքապետի արձագանքը․ - «Հերիք է ցինիզմով զբաղվեք: Ձեր գործով զբաղվեք»:

Տարոն Մարգարյանի փոխարեն ընդդիմադիրներին հակադարձեցին ավագանու Հանրապետական խմբակցության անդամները։ Աննա Ասատրյանը, ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի, սկսեց ելույթ ընթերցել և շեշտեց, որ Տարոն Մարգարյանին վստահել են և ընտրել, իսկ նա արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ հրաժարական չի տալու։

«Անգամ ճնշումների դեպքում նա հրաժարական չի տա», - ասաց Ասատրյանը՝ հավելելով, թե Մարգարյանը «չի կարող քաղաքը թողնել բախտի քմահաճույքին»:

Հարցուպատասխանի ընթացքում հնչող այս ելույթը ընդդիմադիրներին զայրացրեց: Նրանք հայտարարեցին, որ ելույթներ օրակարգում չկա, մինչդեռ Տարոն Մարգարյանը կոչ էր անում լսել ելույթը։

Հարցուպատասխանի ընթացքում ավագանու անդամները բարձրացրին «Յունիգրաֆ-իքս» ընկերությունում բացահայտված չարաշահումների հարցը: Քաղաքապետարանի աշխատակազմից պատասխանեցին, որ դրանով իրավապահներն են զբաղվում։

Ինչ վերաբերվում է վերջին օրերին Երևանի փողոցներում անձրևաջրերի կուտակումներին, ապա առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ դրանով զբաղվում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, այնպես որ պետք չէ առիթը օգտագործել և քաղաքային իշխանություններին վատաբանել․ - «Շատ կուզեի մարդիկ մի քիչ էյֆորիկ այս վիճակից դուրս գան, ավելորդ հռետորաբանությունից ձերբազատվեն և հասկանան, որ, այո՛, հեղեղումների դեպքում, նորմայից ավել տեղումների դեպքում կարող են առաջանալ այս դեպքերը: Եվ անխուսափելի են դրանք»:

Երևանի փոխքաղաքապետերը, ովքեր նույնպես Հանրապետականի անդամ են, այսօր հայտարարեցին, որ իրենք նույնպես, ինչպես և Տարոն Մարգարյանը, հրաժարական չեն տալու։

Վահե Նիկոյանը ասաց, որ շարունակում են աշխատել․ - «Մենք տեղական ինքնակառավարման մարմին ենք: Հենց դրա համար էլ օրենքով տարանջատված են առանձնահատկությունները տեղական ինքնակառավարման մարմնի»:

Հրաժարական չի տա նաև Ավան վարչական շրջանի ղեկավարը։ Ավանում վերջին ցույցերի ժամանակ դիմակավորված անձինք ապրիլի 22-ին խոչընդոտել էին «Հանրային ռադիո»-ի լրագրողի աշխատանքը, քննչական կոմիտեից հայտնել էին, որ մեկ կասկածյալ կա, ով Ավանի թաղապետարանի աշխատակից է։ Վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը այսօր ասաց, որ մի քանի այլ աշխատակիցներ էլ են հարցաքննվել, իսկ կասկածյալը, ում ստորագրությամբ ազատ են արձակել, Ավանի թաղապետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետն է։

«Ես անձամբ ճանաչում եմ նրան, և շատ դրական կարծիք ունեմ նրա և՛ աշխատանքի վերաբերյալ, և՛ որպես անձ, և՛ որպես մարդ», - հավելեց Ջավադյանը:

Նա ասաց, որ եթե անգամ ապացուցվի, որ լրագրողին խոչընդոտած դիմակավորված անձը թաղապետարանի աշխատակից է, միևնույնն է ինքը հրաժարական չի տա, և ավելացրեց՝ Տարոն Մարգարյանը նույնպես հրաժարական չի տալու:

Ի դեպ, նիստի ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կոչ արեցին քաղաքապետարանի շենքում գտնվող մի քանի քաղաքացիների ձայնի իրավունք տալ և լսել նրանց խնդիրները: Տարոն Մարգարյանն ասաց, որ դա օրակարգի հետ կապ չունի, «Երկիր Ծիրանի»-ի անդամները բոյկոտեցին նիստը և միջանցքում ավագանու այլընտրանքային նիստ արեցին։

XS
SM
MD
LG