Մատչելիության հղումներ

«Երևան» հիմնադրամի քրեական գործով կա երկու ձերբակալված


ԱԱԾ աշխատակիցները «Երևան» հիմնադրամի գրասենյակի խուզարկությունից հետո տանում են առգրավվածը: 13-ը հունիսի, 2018
ԱԱԾ աշխատակիցները «Երևան» հիմնադրամի գրասենյակի խուզարկությունից հետո տանում են առգրավվածը: 13-ը հունիսի, 2018

Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի փոխանցմամբ, «Երևան» հիմնադրամի գործունեության հետ կապված քրեական գործով կա երկու ձերբակալված՝ հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանը:

«Քննությունը ընթանում է, լրացուցիչ տեղեկությունները կփոխանցվեն», - հավելեց Գալստյանը՝ առանց այլ մանրամասներ հրապարակելու:

Երեկ, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ էր անցկացրել «Երևան» հիմնադրամում: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, իրենք հաղորդում էին ստացել քաղաքացիներից, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Ազգային անվտանգության ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախության հոդվածներով:

«Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, անդամների թվում են փոխքաղաքապետեր, քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ:

Հարցին, թե ինչպես է քաղաքապետը վերաբերվում ԱԱԾ ստուգումներին, քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանն արձագանքեց․ - «Այդ թեմայով զրույց չեմ ունեցել քաղաքապետի հետ: Ամեն դեպքում, բոլոր նմանատիպ իրավիճակների հետ կապված, քաղաքապետը մշտապես կողմնակից է եղել արդար քննության և, բնականաբար, նաև իրավապահ մարմինների գործողություններին չմիջամտելուն»:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասում է, որ իրենք նախկինում էլ բազմաթիվ ահազանգեր են ստացել և կասկածներ ունեն, որ քաղաքապետարանաում «Երևան» հիմնադրամի միջոցով համակարգային կոռուպցիոն սխեմա է գործել․ - «Ես կարծում եմ, սկանդալների քանակը արդեն այնպիսին է, որ Տարոն Մարգարյանը վաղուց պետք է հրաժարական տված լիներ: Ըստ էության դա քաղաքական ժամանակահատվածի խնդիր է: Ակնհայտ է, որ այս ավագանին չորս տարվա իր ժամկետը չի բոլորելու: Կարծում եմ, որ առաջին հերթին պետք է քննվի «Երևան» հիմնադրամի գործադիր մասը, ովքեր որ իրականացրել են այդ ոչ թափանցիկ գործունեությունը: Իսկ ինչ վերաբերում է դրա քաղաքական պատասխանատվությանը և տեղյակ լինելուն, ես հայտնում եմ իմ վստահությունը, որ իրենք տեղյակ են եղել: Որովհետև թե՛ մուտքերը, թե՛ ելքերը համակարգային են եղել, այսինքն երբ տասնյակ քաղաքացիների «պարտադրվում է»․․․ չի կարող այդ դեպքերը լինել տասնյակ: Այսինքն՝ դա մեկ կամ երկու պաշտոնյա չի տնօրինում: Բացի դրանից, կա տրամաբանական շղթա․ որևէ պաշտոնյա, որ վարչական շրջանից էլ որ լինի, եթե պարտադրում է որևէ քաղաքացու գումարը մուտք անել «Երևան» հիմնադրամ, պետք է իր մեջ ունենա նաև մտադրություն այդ գումարը հետո տնօրինելու: Իսկ էդ հետո տնօրինելը առանց հիմնադրամի անմիջական մասնակցության, պարզապես անհնար կլինի»:

Ավելի վաղ պատգամավոր Լենա Նազարյանը և այժմ Կրթության և գիտության նախարար, իսկ այն ժամանակ դեռ ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը դատի էին տվել «Երևան» հիմնադրամին և Պետեկամուտների կոմիտեին՝ պահանջելով տրամադրել տվյալներ, թե վերջին երկու տարիների ընթացքում ովքեր են 100 հազար դրամ և ավելի գումար փոխանցել հիմնադրամին:

Հարությունյանի խոսքով՝ բազմաթիվ բողոքներ էին ստացել, որ Երևանի քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց՝ օրինակ, տարածքներ սեփականաշնորհելու, քաղաքացիները ոչ միայն պետական տուրքեր են վճարում, այլ նաև գումար են փոխանցում «Երևան» հիմնադրամին: Սակայն ո՛չ հիմնադրամը, ո՛չ ՊԵԿ-ը չէին տրամադրում նվիրատուների ցուցակը:

Հունիսի 28-ին դատական նիստն է: Արայիկ Հարությունյանն ասում է, որ մինչ այդ դարձյալ փորձելու են տեղեկատվություն ստանալ ՊԵԿ-ից․ - «Լավ է, որ իրավապահ մարմինները հայտնաբերել են նման դեպք՝ եթե դա համապատասխանում է իրականությանը: Որովհետև նման տեղեկություններ մենք շատ էին ստանում: Բայց քանի որ մարդիկ նաև շատ հաճախ այն ժամանակ, հաշվի առնելով անվստահությունը իրավապահների նկատմամբ, կոնկրետ չէին դիմում իրավապահներին՝ մենք փորձեցինք գտնել միջոց ստուգելու, թե արդյոք դա համապատասխանում է իրականությանը: Ես փորձնական ստացա սեփականաշնորհված ավտոտնակների ցուցակը երկու տարվա և խնդրեցի «Երևան» հիմնադրամից, որպեսզի տրամադրի 100 հազար դրամ և ավելի վճարածների ցուցակը: Որովհետև ասում էին՝ երբ որ քաղաքապետարանը ծառայություն է մատուցում, պարտադրում են, կոչ են անում, հորդորում են, առաջարկում են, որպեսզի նույնքան գումար նաև վճարվի «Երևան» հիմնադրամին: Ցուցակները պետք էին համեմատելու համար: Հիմա ոնց որ թե այդ գործընթացը արագացել է, բայց ամսի 28-ին մենք գնալու ենք դատական նիստի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG