Մատչելիության հղումներ

Չլիներ իշխանափոխություն, հազարավորների կազատազրկեին․ Քրեական հետապնդումից ազատված գործիչներ


Նիկոլ Փաշինյան, Երևան, 23-ը ապրիլի, 2018 թ․
Նիկոլ Փաշինյան, Երևան, 23-ը ապրիլի, 2018 թ․

Ինչպես հայտնի է, կարճվել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Դադարեցվել է նաև նույն գործով անցնող մնացյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը: Ինչպես երեկ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայությունը՝ քրեական գործի կարճումը տեղի է ունեցել «հանցակազմի բացակայության հիմքով»։

Այդ գործով, ըստ ՀՔԾ-ի, քրեական հետապնդում էր իրականացվում 9 հոգու նկատմամբ: Նրանց թվում էին նաև իշխանափոխությունից հետո Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակված Արմեն Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության ներկայիս ղեկավար Դավիթ Սանասարյանը, Գյումրիի «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի» նախագահ Լևոն Բարսեղյանը։

Հենց այդ գործի շրջանակներում էին ապրիլի 22-ին ձերբակալվել համաժողովրդական շարժման առաջնորդները՝ Փաշինյանը, Միրզոյանն ու Միքայելյանը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը կարծում է՝ այդ գործն ի սկզբանե շինծու էր, և չլիներ իշխանափոխություն, կրկնվելու էին 2008-ի զանգվածային ազատազրկումները․ «Ու այժմ մենք ստիպված էինք լինելու պայքարել քաղբանտարկյալների ազատության համար»:

4-10-ը տարի՝ իր հնարավոր պատժաչափն ապրիլյան բողոքի ցույցերի օրերին մոտավորապես այսչափ էր հաշվարկել Լևոն Բարսեղյանը: Նրան ներկայացված մեղադրանքների շարքում նաև զանգվածային անկարգությունների կազմակերպումն էր։ «Եթե, օրինակ, Սերժ Սարգսյանը ամսի 23-ին որոշեր ոչ թե հրաժարական տալ այլ որոշեր շարժվել իր համար ավելի ցանկալի սցենարով՝ գնդակահարեր ցուցարարներին ու ձերբակալվածներին պահեր բանտերում, ենթադրաբար 20 հոգի դատվելու էին 4-ից մինչև 13 տարի ժամկետներով: Ես հոդվածներից ելնելով եմ ասում: Մոտ 200 հոգու էլ կդատապարտեին մինչև 4-5 տարվա ազատազրկման: Դա լինելու էր, որովհետև չէր հանդուրժվելու խաղաղ ապստամբությունը»,- «Ազատությանն» ասաց Բարսեղյանը:

Երեկ կարճված քրեական գործը հարուցվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու, ինչպես նաև՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպել-անցկացնելու և հավաքը դադարեցնելու՝ ոստիկանության որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերի հոդվածներով: Դրանք, ըստ իրավապահների, վերաբերում էին ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձություններին:

Լևոն Բարսեղյանը կարծում է՝ իրավապահների անօրինական գործողությունները չպետք է անպատիժ մնան․ պատասխան պետք է տան ինչպես խաղաղ ցույցերի օրերին բռնություն գործադրած ոստիկանները, այնպես էլ կեղծ մեղադրանքներ հորինած քննիչները, նաև՝ այդ մեղադրանքները կասկածի տակ չառած դատավորները:

Ասաց՝ օրերս Վերաքննիչ դատարանի որոշում է եղել, ըստ որի՝ իր նկատմամբ կիրառված կալանքը ոչ իրավաչափ է համարվել։ Քննիչի միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր բավարարել։ «Ուժի մեջ մտնելուց հետո մենք համապատասխան իրավական ընթացակարգերով կհետապնդենք և՛ կեղծ մեղադրանքներ ներկայացրած քննիչներին, և՛ իհարկե, Արտուշ Գաբրելյանին: Այդ մարդիկ պիտի պատասխան տան: Կապ չունի, որ հեղափոխությունը հաղթել է կամ չի հաղթել։ Հետևողականությունը պիտի կանխի համանման այլանդակություններն ապագայում»,- ասաց Բարսեղյանը:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց՝ ոստիկանի կողմից բռնություն կիրառելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով հարուցված բազմադրվագ գործով ավելի քան 60 տուժող է անցնում: Իսկ մեղադրանք ընդամենը 3 ոստիկանի է առաջադրվել: Ընդ որում՝ նրանցից երկուսին՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», ի դեպ, ոստիկանությունից պարզել է՝ քաղաքացիական անհնազանդության օրերին, ապրիլի 16-ից ապրիլի 23-ը, ոստիկանական բաժիններ են տարվել, Իոաննիսյանի բնորոշմոմբ, աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ․ «1200-ից ավել ցուցարարներ բերման են ենթարկվել ընդամենը 1 շաբաթվա ընթացքում: Սա աննախադեպ մեծ թիվ է՝ վերջին 10 տարվա ռեկորդը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG