Մատչելիության հղումներ

Մնացականյանը՝ Մակեյին․ Գործընկերները պետք է զերծ մնան ԼՂ հարցում խաղաղությանը նպաստող մթնոլորտը վտանգող քայլերից


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի արդյունավետության համար, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ այսօր Մինսկում հանդիպելով բելառուսցի պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ:

Մնացականյանը կարևորել է, որ գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձևաչափի բնականոն աշխատանքը, ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Մակեյը, ևս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, կարևորել է առաջին պաշտոնական շփումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն ընդլայնվել ու խորանալ գործընկերության ոգով։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բելառուսական օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակին՝ ընդգծելով երկկողմ հարաբերություններում առկա ողջ ներուժի լիակատար կիրառման անհրաժեշտությունը և նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ։

Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանը քննադատում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի դաշնակից Բելառուսի կողմից սպառազինության, մասնավորապես՝ «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքը Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG