Մատչելիության հղումներ

Բելառուսի կողմից Բաքվին սպառազինություն վաճառելն «այնքան էլ տրամաբանական չէ»․ Ռուբինյան


Փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը «Ազատության» տաղավարում, 11-ը հունիսի, 2018 թ․

Պաշտոնական Երևանը քննադատում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի դաշնակից Բելառուսի կողմից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքն Ադրբեջանին: «Դա այնքան էլ տրամաբանական չէ», այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը:

«Բելառուսը, լինելով մեզ բարեկամ երկիր, մեզ հետ ներգրավված լինելով մի շարք բազմակողմ ֆորմատներում և ունենալով դաշնակցային պարտավորություններ, այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար շատ ցավալի է, որ Բելառուսը զինատեսակներ է վաճառում մեզ հետ կոնֆլիկտ ունեցող պետությանը: Եվ ես կարծում եմ, որ մենք, ինչպես նախկինում, այնպես էլ հետագայում, այս հարցերը համապատասխան կերպով կբարձրացնենք: Կարծում եմ, որ սա այնքան էլ տրամաբանական չէ, հաշվի առնելով Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող բարեկամական և դաշնակցային հարաբերությունները»,- «Ազատության» եթերում հայտարարեց փոխարտգործնախարարը:

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ չնայած պաշտոնական Երևանի հրապարակային քննադատություններին՝ հեռահար այդ կայաններն արդեն հասել են Ադրբեջան և այսօր արդեն ցուցադրվել են նախագահ Իլհամ Ալիևին: Ըստ Բաքվի, դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտը», հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել էր, թե Մինսկը Բաքվին նման տասը համակարգ է վաճառելու:

Այս հարցով բանակցությունները սկսվել էին դեռ անցյալ տարի, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել էր Մինսկ, որտեղ հայտարարել էր, թե պատրաստվում են համագործակցության նոր ծրագրեր իրականացնել: Հստակ մանրամասներ կողմերը չէին հաղորդել, սակայն լրագրողները լուսանկարներում արձանագրել էին Հասանովին՝ «Պոլոնեզ» համակարգն ուսումնասիրելիս:

Պաշտոնական Երևանն, ի պատասխան, քննադատել էր գործարքը: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անցած ամիս «Ազատության» հետ զրույցում փաստել էր՝ անընդունելի է զենքի վաճառքը «Ադրբեջանի նման պետությանը»: «Ափսոսում ենք, որ անկախ նրանից, թե վաճառողն ով է, ՀԱՊԿ անդամ է, թե այլ պետություն, Ադրբեջանի նման պետությանը զենք է վաճառում: Պետություն, որն ըստ էության՝ չունի որևէ տեսակի քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, պետություն, որը վարում է ապակայունացնող քաղաքականություն տարածաշրջանում, պետություն, որը բռնել է դեստրուկտիվ ճանապարհ և ռազմականացնում է իրավիճակը, նման պետությանը վաճառում են ընդհանրապես զինատեսակներ: Մենք այդ կապակցությամբ ափսոսանք ենք հայտնում»,- անցած ապրիլին «Ազատությանն» ասել էր Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Բելառուսի նախագահը, մինչդեռ, պնդել էր՝ իրենք որևէ պայմանագիր չեն խախտում, և ինքն էլ որևէ մեկի առաջ արդարանալու կարիք չի տեսնում: «Ընդամենն ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի դեպքում չեն խախտում որևէ միջազգային պայմանագիր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ բանաձև: Մենք ինքնիշխան ու անկախ պետություն ենք և իրավասու ենք որոշել մեր համագործակցության ուղղությունները: Մենք Ադրբեջանի հետ ընդհանրապես որևէ խնդիր չունենք և շատ լավ ենք հիշում, թե Բելառուսի համար դժվարին պահերին Ադրբեջանի նախագահն ինչպես է մեզ օգնել»,- ասել էր Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հատկանշական է, որ Ադրբեջանի բանակը որոշեց բելառուսական «Պոլոնեզի» ցուցարությունն իրականացնել այսօր Ալմաթիում մեկնարկած՝ ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին ընդառաջ, որին մասնակցում են Բելառուսի և Հայաստանի արտգործնախարարները: Հայաստանի պաշտոնական պատվիարկությունն այժմ հետդարձի ճանապարհին է: Ակնկալում ենք ավելի ուշ տեղեկանալ՝ արդյո՞ք այս հարցը բարձրացվել է հավաքի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG