Մատչելիության հղումներ

Մանե Թանդիլյանը կշարունակի պաշտոնավարել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չընդունեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը:

Այսօր Կառավարության նիստի մեկնարկին վարչապետը հայտարարեց, որ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը: Հրաժարականի պատճառ դարձած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը առաջիկայում նորից փոփոխության կենթարկվի․ - «Մենք պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, առավել ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար: Եվ մենք պետք է հանրության և մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»:

Իսկ մինչ այդ արդեն տասը օրից՝ հուլիսի 1-ից կուտակային համակարգը պարտադիր կդառնա 1974 թվականից հետո ծնված աշխատող բոլոր քաղաքացիների համար: Միայն թե նախկին 5 տոկոսի փոխարեն հիմա ամսական պահվելու է 2,5 տոկոս․ - «Այդ որոշման առանցքային նպատակը նախ և առաջ ժամանակ շահելն է, որպեսզի հանդարտ, առանց ցայտնոտի, շահագրգիռ, խորը, լուրջ քննարկում ունենանք: Այս պահի դրությամբ մենք չենք կասկածում մի բանում, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի: Մենք պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանը Կառավարության մյուս անդամների հետ, շահագրգիռ նախարարությունների հետ, հանրության ներկայացուցիչների հետ կաշխատենք, որպեսզի առաջիկա երկու ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ»:

Մանե Թանդիլյանը այսօր այդպես էլ չհստակեցրեց, թե արդյոք մշակվող նախագծում պարտադիր բաղադրիչը կլինի, թեև հրաժարականի իր տեքստում նշել էր, որ այդ հարցն իր համար ունի սկզբունքային նշանակություն, և որ պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը:

«Ես կներկայացնեմ նախագիծը, դուք կծանոթանաք, և հանրության հետ քննարկումների արդյունքում մենք կունենանք այն տեսքը, որը ընդունելի, հասկանալի ընկալելի կլինի», - լրագրողներին ասաց Թանդիլյանը՝ շարունակելով․ - «Լուծումները տարբեր են, բազմաթիվ են: Այո, այդտեղ կամայնության սկզբունք լինելու է»:

«Ազատության» դիտարկմանը, թե այդուհանդերձ 15 օրից մարդիկ արդեն առանց իրենց ցանկության ընգրկվելու են այդ համակարգում, Թանդիլյանն արձագանքեց․ - «Ես դա հասկանում եմ, և հենց դա է եղել իմ հրաժարականի պատճառը: Ես ցանկություն ունեի նախագիծը դարձնել այնպիսին, որ գոնե նոր միացողների համար արդեն լինի հասկանալի և ընդունելի: Ունենք այս իրավիճակը, և ակնհայտ է, որ նախարարի կարգավիճակով ավելի արագ են ստանում խնդիրները լուծումներ»:

Հարցին, թե արդյոք հունիսի 1-ից այդ համակարգում ընդգրվել չցանկացողները հնարավորություն կունենան դուրս գալ, Թանդիլյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, այդ մարդկանց հետ էլ պետք է շարունակական հանդիպումներ լինեն, [հարկավոր է] տեսնել է իրենց առաջարկները և միասնական ուժերով գալ ընդունելի, հասկանալի լուծման»:

Մանե Թանդիլյանը չի դադարեցնի անդամակցությունը Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, թեև հայտարարել էր նաև այդ մասին․ - «Տրամաբանությունը հրաժարականի բացատրված է, հետևաբար էստեղ հարց էլ առաջանալ չի կարող: Իհարկե մնում եմ»:

Կուտակայինի հարցով Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ թեժ բանավեճ ունեցած Տնտեսական զարգացման և ներդրումների դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը ևս մասնակցելու է նոր նախագծի մշակմանը․ - «Դեռևս Սահմանադրությանը համապատասխանության հարցը օրակարգում է և այն պետք է մանրամասն վերլուծություն ենթարկվի: Ես դա լարվածություն չեմ բնութագրի: Աշխատանքային առողջ քննարկում է, ինչը նաև բավական օգտակար է»:

«Մեծ ծավալի ներդրումներ են սպասվում»

Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարեց առաջիկայում սպասվող մեծ ներդրումների մասին․ - «Կան այդպիսի մարդիկ: Ես չեմ հրապարակի անունները․ ներդրումը կլինի, դուք կտեսնեք: Վերաբերում է թե՛ արդյունաբերության, թե՛ զբոսաշրջության, թե՛ բարձրարժեք ծառայությունների ոլորտներին: Բավական մեծ ծավալի ներդրումների մասին է խոսքը: Արդեն նաև ծրագրերով են հանդես գալիս: Թե՛ եվրոպական երկրներից են, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան»:

Սանասարյանը ստուգումները սկսելու է ՊՆ-ից

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ստուգումները սկսելու է Պաշտպանության նախարարությունից, կոռուպցիայի մասին տեղեկություններ ունի․ - «Որ ՊՆ-ն լինի մաքուր, ՊՆ-ն լինի ուժեղ, և այս մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվի բյուջե: Պարոն նախարարի հետ, պարոն Տոնոյանի հետ որևէ խնդիր չունենք․․․ Եթե էս փոփոխություններից հետո մենք պետք ա նայենք, որ էս նախարարը մեր ընկերն է, էն նախարարը մեր բարեկամն է, էդ դեպքում ինչի՞ եղան էս փոփոխությունները»:

«Ազատության» հարցին, թե իր պաշտոնում կոռուպցիոն ռիսկը շատ մեծ է, և արդյոք ինքը աշխատավարձով է ապրելու, Սանասարյանը պատասխանեց․ - «Բնականաբար աշխատավարձով եմ ապրելու: Ես այսօր հայտարարագիրս ներկայացնելու եմ, որտեղ բոլոր տեղերում զրո է գրած․․․ չունեմ սեփականություն, էս վերջին շրջանում, քանի որ եղել եմ փողոցներում, աշխատաքն չեմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է եղել»:

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հաստատեց մամուլի տեղեկությունները, որ երեկ ստուգումներ են անցկացրել ճանապարհներին արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում և հայտնաբերել են չարաշահումներ․ - «Չարաշահումների մասին ոստիկանության լրատվական ծառայությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա այսօր»:

«Սեքյուրիթի Դրիմ»-ը, ըստ մամուլի, Սերժ Սարգսյանի եղբորն է պատկանում, թեև ընկերությունից հերքում են այս տեղեկությունը:

XS
SM
MD
LG