Մատչելիության հղումներ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կուտակային համակարգի մասին օրինագիծը


Խոհրդարանի շենքը Երևանում

Խորհրդարանն այսօր ձայների 78 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծը։

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող վիճահարույց օրենքին ձեռնպահ քվեարկած ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը հայտարարեց՝ թեև նախագիծը պարունակում է բարելավում, բայց չի լուծում կարևորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացումը։

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ հետագայում մասնակցելու են օրենքի բարելավման քննարկումներին։

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, հիշեցնենք, կառավարությունն ընդունեց հունիսի 11-ին: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը:

Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը:

Կառավարության նիստում բուռն քննարկումների արդյունքում ընդունված որոշումը դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում, աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Այդ հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար: Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ: Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական ու ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչը ամբողջ ծավալով ներդրման համար: Ես լիահույս էի, որ նոր Կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա», - պարզաբանել էր Թանդիլյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG