Մատչելիության հղումներ

«Ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը». Մանե Թանդիլյան


«Իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ», - այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ում անցած շաբաթ ներկայացրած հրաժարականի դիմումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց։

Թանդիլյանը նշել է, որ իրեն վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել է աշխատանքի առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը:

«Այս ընթացքում, այդ թվում՝ հրաժարական տալուց հետո, արել եմ հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում», - գրել է Թանդիլյանը՝ շարունակելով. - «Հրաժարական տալուց հետո, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում՝ կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ: Հաշվի առնելով, որ դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որն ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը»:

Նախարարը նշել է՝ գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար իրենք չեն կարող տրամադրել երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարևոր են և հրատապ, հետևաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացնելու են առավելագույնս սեղմ ժամկետներում։

«Մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը: Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ․ հունվարի 1-ից», - գրել է Թանդիլյանը՝ շարունակելով. - «Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ ինչպես այս մեկ ամսվա ընթացքում, առաջիկայում էլ չեմ պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա և պատրաստ եմ ամբողջ ներուժս դնել ինձ վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ»։

Նշենք, որ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:

Օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը կառավարությունն ընդունել էր հունիսի 11-ին։ Հաջորդ օրը՝ հունիսի 12-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց՝ ընդգծելով, որ սկզբունքորեն դեմ է օրենքում պարտադիր բաղադրիչը պահպանելու Փաշինյանի կառավարության որոշմանը։

Այսօր վարչապետը հայտարարեց, որ չի ընդունում նախարարի հրաժարականը և շարունակելու են համատեղ աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG