Մատչելիության հղումներ

Էջմիածինցիները ցնցված են և ուրախ


Մանվել Գրիգորյանի առանձնատունը Էջմիածին քաղաքում:
Մանվել Գրիգորյանի առանձնատունը Էջմիածին քաղաքում:

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին պատկանող տներում ԱԱԾ-ի կատարած բացահայտումներից հետո Էջմիածին քաղաքի բնակիչներն այսօր գնահատում էին տեղի ունեցածը: Ասում էին, որ ցնցված են իրենց աչքի տեսածից, նաև ուրախ են, որ տարիներ շարունակ իրենց իմացածն ու լսածն ի վերջո բացահայտվեց և որ այլևս քաղաքում վախի մթնոլորտ չի լինի։

«20 տարի մենք սպասում էին էս օրվան ու կատարվեց: Բայց դա շատ քիչ ա: Պտի հիմքից, արմատներից շպրտեն», - զայրացած ասաց մի էջմիածինցի:

«Զինվորականը զինվորականի հացը վերցնի․․․ ես ուղղակի բառ չեմ գտնում: Զարհուրելի է», - հավելեց մյուսը:

Օրվա ընթացքում տարբեր շինությունների, այդ թվում և Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորականների միության գրասենյակի պատերին հայտնվեցին գեներալի նկարները՝ վրան հայերեն գրված տուշոնկա։

ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի ներկայացուցիչ Մարկոս Քեսաբյանն «Ազատության» հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց կատարվածի վերաբերյալ․ - «Ոչ մի բան չեմ կարա ասեմ, քանի որ ծանր եմ տանում էդ ամբողջը: Չէինք սպասում, ու մինչև հիմա ես չեմ կարողանում հավատալ: Իմ ուղեղում չի տեղավորվում դա»:

Հարցին, թե արդյո՞ք հիշում է ինչ էր կատարվում իրենց գրասենյակում ապրիլյան պատերազմի օրերին, արդյո՞ք Երկրապահը մասնակցել է Արցախ ուղարկվելիք մթերքի և այլնի հավաքման գործընթացին, Քեսաբյանն արձագանքեց․ - «Ոչ: Մենք ստեղ դեր չենք ունեցել: Էդ ժամանակ մենք խառնված էին միայն մի բանով՝ տղաներին, ազատամարտիկներին հավաքեինք, ուղարկեինք․․․ Ասում են՝ երբ որ եզը ընկնում ա, դանակավորները շատանում են: Մինչև ամեն ինչ չապացուցվի, խոսալը անիմաստ ա: Կարող ա ժամկետանց ըլնի դա․․․ հազար ու մի բան կա»:

Հարցին, թե ինչպես կարող էին ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղղված դպրոցականների նամակները տեղ գտնել գեներալին պատկանող տանը, Քեսաբյանն արձագանքեց․ - «Հենց միայն դա ա, որ մեր բերանը փակում ա, մենք չենք կարողանում ոչ մի արդարացում գտնել»:

Էջմիածնի թիվ 4 դպրոցում, որի տնօրենը հոր ձերբերակալությունից հետո քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Կարեն Գրիգորյանի մորաքույրն է, տարակուսած էին: ԱԱԾ տեսագրությունում երեւում է նաեւ իրենց ուղարկած օգնությունն ու աշակերտների նամակները, որ հավաքել էին ռազմակաճակատ ուղարկելու համար։

Տնօրենը չցանկացավ խոսել, փոխտնօրեն Ռուզաննա Ղազարյանը պատմեց, որ տարատեսակ սնունդն ու հագուստը ուղարկել են երկու ուղղությամբ․ - «Մի մասը մեքենան տարավ Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատ, որտեղ համակարգվում էր քաղաքի դպրոցների հավաքած արկղերը, իսկ մյուս մասը գնաց համար 3 հիմնական դպրոց, որտեղ հավաքագրվում էր և համակարգվում էր մարզպետարան ուղարկելու փաթեթները»:

Փոխտնօրենն ասաց, որ այսօր իրենց խաբված են զգում․ - «Ոչ միայն խաբված, շատ վիրավորված եմ զգում: Դա ամենավերջն ա․․․ Թող պատժվի»:

Դպրոցի աշակերտները, որ երկու տարի առաջ նվերներ և նամակներ էին պատրաստել զինվորների համար, ասացին՝ դիտել են ԱԱԾ-ի հայտնի տեսագրությունը։

Գիշերը Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը։ Օրեր շարունակ այս քաղաքում հանրահավաքներ էին՝ նրա հրաժարականի պահանջով։ Ֆեյսբուքի իր էջում Գրիգորյանը գրել է՝ տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով։

Կարեն Գրիգորյանին այսօր ողջ օրը գտնել չհաջողվեց։ Քաղաքապետրան չէր գնացել, իսկ նրան պատկանող տուն մուտք գործել մեզ չհաջողվեց։ Փակ էին նաև նրա հոր՝ գեներալ Մանվել Գրիգորյանի տան դռները։ Տանը կից կառույցում մի երտասարդ կար, որն ասաց, թե ներսում մարդ չկա։

Քաղաքի կենտրոնում՝ հենց քաղաքապետարանի դիմաց Գրիգորյաններին պատկանող բացօթյա սրճարանն է, որն այսօր փակ էր։ Բաց էին հագուստի շուկան և հանրախանութը, որոնք, ինչպես ասացին աշխատակիցները, պատկանում են Գրիգորյան ընտանիքին։

Վաճառականներից մեկը դժգոհեց, որ տարիներ շարունակ բարձր վարձավճարով են աշխատել։

«Ազատության» հետ զրույցում էջմիածինցիների մի մասը կարծիք էր հայտնում, որ քաղաքապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Կարեն Գրիգորյանը տեղյակ է հոր գործերից, մյուս մասը՝ հակառակն էր պնդում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG