Մատչելիության հղումներ

ՀՀԿ․ Եթե հաստատվի մեղադրանքը, Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ


ՀՀԿ համագումարը, ապրիլ, 2018թ․

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) «անընդունել և զազրելի» է որակում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող շինություններում և տարածքներում խուզարկության արդյունքներով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հաղորդագրությունում արձանագրվածը:

«Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է», - ասված է կուսակցության հաղորդագրությունում:

«Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ: Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև», - հայտարարում է կուսակցությունը:

«Սրանք հերթապահ բառեր կամ մտքեր չեն, սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին», - շեշտում է Հանրապետականը:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Սահմանադրությամբ սահմանված կարգով, պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է Ազգային ժողովի նախագահը: Նույն օրը հրապարակած հայտարարությունում Հանրապետականը ապօրինի էր որակել գեներալի ձերբակալությունը և հորդորել անհապաղ ազատ արձակել նրան:

Հաջորդ օրը Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG