Մատչելիության հղումներ

«Բանակի փայը գողացողն ամենախիստ գնահատականին է արժանի». Շարմազանով


«Եթե պարզվի, որ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, կարծում եմ, որ դրան արդարացում չկա՝ սա է իմ գնահատականը», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին, համաձայն որի, մասնավորապես, Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն «ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդն օգտագործել է սեփական կենդանիներին կերակրելու համար»։

«ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը չէր կարող անտարբեր թողնել որևէ հայ մարդու։ Այժմ պետք է հայտարարեմ, որ խնդիրը բացառապես գտնվում է իրավական տիրույթում, և պետք է հնարավորություն տալ նախաքննությանն՝ օրենքով սահմանված կարգով իրականացնել գործողություններ։ Բնականաբար, այն, ինչ որ հրապարակվեց, մի բառով ասելը շատ դժվար է՝ վրդովմունք, հիասթափություն... եթե պարզվի, որ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, կարծում եմ, որ դրան արդարացում չկա, սա է իմ գնահատականը, ով ուզում է դա անի՝ ես կանեմ, Դուք կանեք, մեկ ուրիշը կանի, հերոս կանի, ես կրկնում եմ, այն, ինչ որ հրապարակվեց, դա մտահոգիչ է, հիասթափեցնող է, վրդովմունք է առաջացնում», - ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ «բանակի փայը գողացողը, բանակից մի հատ լումա վերցնողը ամենախիստ գնահատականին է արժանի»։

«Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ կա անմեղության կանխավարկած, մենք չենք լսել դեռ մյուս կողմին՝ Գրիգորյանների կողմին։ Հետևենք գործի նախաքննությանը տեսնենք, թե ինչ է պարզվում, դատարանի վճիռը կլինի, կտեսնենք, բայց, կրկնում եմ, եթե ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում առկա նյութերը, նրանց իսկությունը՝ պարզվի, որ դրանք իրական են, և այն, ինչի համար որ մեղադրվում է պատգամավորն, իրականությանը համապատասխանում է, ես բառ չեմ կարող գտնել՝ ամենախիստ գնահատականին արժանի արարք է։ Ես արարքին եմ որակում տալիս։ Ես բազմաթիվ անգամ նշել եմ, նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնից, որ բանակի փայը գողացողը, բանակից մի հատ լումա վերցնողն ամենախիստ գնահատականին է արժանի, անկախ նրանից՝ մի հատ նասկի կգողանա զինվորից, թե՝ մի տոննա տուշոնկա, ինձ համար գնահատականը սա է», - ասաց Շարմազանովը։

«Ազատության» հարցին, թե իշխանության մեջ եղած ժամանակահատվածում չկայի՞ն այդպիսի տեղեկություններ, որ այդօրինակ պահեստավորում է իրականացվում, բանակին հատկացված սնունդ է պահեստավորվում, դպրոցականների, նամակները տեղ չեն հասնում, «ի վերջո սլաքներն ուղղվում են հենց ձեր դեմ, որ ի՞նչ էր անում այն ժամանակվա իշխանությունը, որ չէր կարող իշխանության բարձր ղեկավարների չիմացությամբ Մանվել Գրիգորյանն իրեն նման բան թույլ տալ», ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Ես նման տեղեկություն չեմ ունեցել, իսկ մնացածը թող ԱԱԾ-ն պարզի, նախաքննությունը թող պարզի, առնվազն ես նման տեղեկություն չեմ ունեցել»։

Հիշեցնենք, հունիսի 16-ին Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է: Ըստ ԱԱԾ-ի, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Նույն օրը հրապարակած հայտարարությունում Հանրապետականն ապօրինի որակեց գեներալի ձերբակալությունը՝ հորդորեով անհապաղ ազատ արձակել նրան: Նշենք, որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար պահանջվում է խորհրդարանի 105 պատգամավորներից 53-ի քվեն:

Երեկ ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է նաև այն կասկածների հետ, որ նա ներգրավված է եղել բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելու մեջ:

Երեկ ուշ երեկոյան ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակվեց, որում մասնավորապես ասվում էր, որ «հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը»:

«Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր, դեղահաբեր… թե ինչու էր այս ամենը հայտնվել Արցախի հերոսի Ակնալճի հանգստյան գոտում, կպարզի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի, երկրորդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում: Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման», - ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG