Մատչելիության հղումներ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ստուգումներ է սկսել տեխզննման կայաններում:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղեկություն են ստացել Երևանում գործող ավելի քան 10 ընկերություններում կատարված ապօրինությունների մասին:

Մասնավորապես, ըստ հաղորդագրության, ընկերությունները վերջին երեք տարիների ընթացքում, առանց տեխզննում իրականացնելու, ապօրինի վարձատրվող «գործակալների» միջոցով կազմել և կնքել են կտրոնները, ինչի դիմաց պետբյուջեից ստացել են գումարներ:

Ոստիկանության տեղեկություններով, ընդհանուր առմամբ 2015-2018 թվականների ընթացքում բյուջեից հափշտակվել է ավելի քան մեկ միլիարդ դրամ:

Ըստ ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանի, քրեական գործ դեռ հարուցված չէ, նախապատրաստվում են նյութեր, ոստիկանությունը ստուգումները շարունակելու է նաև մարզերում գործող տեխզննման կայաններում․ - «Այս պահին գործը գտնվում է հետաքննության փուլում, ուստի ձերբակալվածներ դեռ չկան: Իսկ կայաններից ոմանք փակ են, չեն աշխատում: Միջոցառումները շարունակվում են: Ուզում եմ տեղեկացնել, որ նման միջոցառումներ կիրականացվեն նաև մարզերում գործող կայաններում»:

«Ազատության» հետ զրույցներում վարորդները նշեցին, թե տեխզննումը ձևական բնույթ է կրել․ մեքենա ունեցողները միայն գումար են վճարել, իսկ իրականում անցել է մեքենան տեխզննում թե ոչ, որևէ մեկը չի ստուգել:

«95 տոկոսը մուծում ա բանկում կամ թաղապետարանում, կտրոնը ստանում ա: Անիմաստ բան ա: Ամբողջ Հայաստանն էլ տեղյակ ա եղել: Ղեկավարներից սկսած՝ վերևից ներքև: Նենց որ, հեծանիվ հայտնաբերելու ոչ մի թեմա չկա», - ասաց մի վարորդ:

Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է 35 տեխզննման կայան, որոնցից 14-ը գործում են Երևանում: Մինչդեռ հանրապետությունում մեքենաների քանակը մի քանի հարյուր հազար է:

«Եվ միայն այս փաստը բավական է հասկանալու, որ տեխզննման գործընթացը վաղուց չի իրականացվում», - ասում է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանը: - «Տեխզննման կանոնների հետ կապված էն մախինացիաները շատ շուտվանից հայտնի էին, ու նույն էն մարդիկ, ովքեր պետք ա դա բացահայտեին, միգուցե նաև օգտվում էին դրանից: Կարամ շատ պարզ օրինակ բերեմ, որ թաղապետարաններից որոշի մոտակայքում սենց բուդկեք կային դրած, որը մարդը ուղղակի կտրոնը վերցնելուց իջնում էր, տալիս էր էդ բուդկում պեչատում էին: Այսինքն՝ ո՛չ տեխզննում էր անցնում, ո՛չ մոտենում էր տեխզննման կայանին: Ուղղակի տեխզննման կտրոնի իրա կտորը տրամադրում էր ինչ-որ սուբյեկտի, ինքը իրա տեխզննման կտրոնը պեչատում էր, ու իրար հաջողություն էին մաղթում: Դա շատ բացահայտ էր արվում»:

Դավթաշենում գործող տեխզննման կայաններից մեկի տնօրեն Տիգրան Մկրտչյանն ասաց, որ իրենք որևէ թաղապետարանի հետ կապ չունեն, տեխզննում անցկացնում են, սակայն որոշ վարորդներ, հատկապես նոր մեքենաների սեփականատերերը, գերադասում են զննումը չանցնել․ - «Մեր կայանը ոչ մի թաղապետարանի հետ առնչություն չի ունեցել: Էտի իրավապահ մարմիններն էլ շատ լավ գիտեն: Որոշում կար նախկինում, որ քաղաքացին կարար ներկայանար տեխզննման կայան, կարար չներկայանար: Ու տենց՝ տարբեր պատճառներով: Կան, որ ըստ ցանկության․ քաղաքացին գալիս ա, ասում ա՝ ուղղակի կնքեք իմ կնիքը, գնամ, ես չեմ ուզում իմ ավտոն ստուգեք, քանի որ գիտենք, որ վարչապետի որոշում կա, որ պարտադիր չի»:

Տրանսպորտի և կապի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը ևս ընդունեց, որ օրենսդրական բացեր կան՝ որևէ մեկը չէր վերահսկում՝ անցնո՞ւմ է մեքենան տեխզննում, թե՞ ոչ․ - «Օրենսդրությամբ մի կողմից պարտադիր պայման ա, որ տեխնիկական զննություն պետք ա իրականացվի, բայց մյուս կողմից, նման մեխանիզմ կա, բաց կա, որով տրանսպորտային միջոցի սեփականատերը, տեխնիկական զննության կտրոնը գնելով, կարող է նաև չներկայանալ տեխնիկական զննության կայան»:

Հարցին, թե կարող է նախարարությունը այս գործընթացի արդյունքում այդ կայաններին զրկել արտոնագրից, Մելքոնյանն արձագանքեց․ - «Երբ որ մենք օֆիցիալ կստանանք ոստիկանության դիրքորոշումը, նոր կկարողանանք էդ հարցը քննարկել»:

Նրա խոսքով՝ այժմ օրենսդրական նախագիծ են պատրաստում, որով պետք է փոխվի տեխզննման գործընթացը և այն դարձվի էլեկտրոնային․ - «Ձգտում ենք իրականացնել փոփոխություն, համաձայն որի տրանսպորտային միջոցները կանցնեն իրական տեխնիկական զննություն: Եվ դրա համար կնախատեսվի էլեկտրոնային վերահսկողության մեխանիզմներ»:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Պեդանյանի խոսքով՝ տեխզննման ձևական գործընթացը ընդհանրապես պետք է կասեցվի, մինչև խնդրի արմատական լուծումը գտնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG