Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահներ․ Քննարկվում է նախարարների հանդիպման հնարավորությունը


ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևան, 13-ը հունիսի, 2018թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, նշված է միջնորդների՝ այսօր տարածած հայտարարության մեջ:

Ամփոփելով անցած երկու օրերին Երևանում տեղի ունեցած հանդիպումները, համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին նշել են՝ «դիտարկել են բանակցությունների կարգավիճակն ու քննարկել գործընթացն առաջ մղելու ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ մոտ ապագայում նախարարական հանդիպման կազմակերպումը»:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին և շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով կառուցողական միջավայրը պահպանելու կարևորությունը:

Համանախագահները երկօրյա այցով Երևան էին ժամանել շաբաթասկզբին, առաջին անգամ՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

Ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ բանակցությունները՝ միջնորդները նշում են. Հայաստանի պաշտոնյաներն իրենց աջակցությունն են հայտնել Մինսկի խմբի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ աշխատանքը համանախագահների հովանու ներքո:

Իրենց հերթին, համանախագահները վերահաստատում են հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում և՝ ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը:

Հիշեցնենք, ղարաբաղյան կարգավորման միջնորդները Երևանում հանդիպումներ են ունեցել Հայաստանի վարչապետի, նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG