Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է հունվարի 8-ի ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանին:
Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ հունվարի 8-ին ժամը 4:40-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW X6 մակնիշի 35NT388 համարանիշի և Ճանապարհային ոստիկանության Toyota մակնիշի 243II02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո BMW X6-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով Toyota-ի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանը և ուղևոր, ոստիկանության լեյտենանտ Խաչիկ Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։ BMW X6-ի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Պարզվել է դեպքի ժամանակ BMW X6-ի վարորդի ինքնությունը։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ BMW X6-ի վարորդը Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ, և դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն, ասված է հաղորդագրությունում:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որը երկու մարդու մահվան պատճառ է դարձել, և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հիշեցնենք, Սարգիս Վարդանյանը հայտնի է որպես «Ճըվճըվ Արոյի որդի»:
Նշենք նաև, որ Քրեական օրենսգրքի վերոհիշյալ 242-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է 4-ից մինչև 10 տարվա ազատազրկում: