Մատչելիության հղումներ

«Ճըվճըվ Արոյի որդի» անունով հայտնի Սարգիս Վարդանյանը կալանավորվեց


Սարգիս Վարդանյան

«Ճըվճըվ Արոյի որդի» անունով հայտնի Սարգիս Վարդանյանն այսօր դատարանի որոշմամբ կալանավորվեց։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը։

25-ամյա Վարդանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի 8-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ավտովթարի արդյունքում զոհվեցին երկու ոստիկաններ՝ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը:

Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների, ողբերգական ավտովթարի մասնակից BMW X6-ի վարորդ 25-ամյա Սարգիս Վարդանյանը՝ գերազանցելով արագությունը, բախվել է ոստիկանական ավտոմեքենային, նա նաև չի ունեցել վարորդական իրավունք:

Ուշագրավ է, որ ավտովթարից հետո, Քննչական կոմիտեն հետախուզում հայտարարեց Սարգիսի եղբոր՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ, ում, ըստ ոստիկանության, կողոպուտի և խուլիգանության հոդվածներով դեռևս անցած տարի մեղադրանքներ էին ներկայացված, սակայն քննիչի որոշմամբ, նա երկու անգամ էլ ստորագրությամբ ազատ է արձակվել: Եվ միայն այն բանից հետո, երբ եղբոր մասնակցությամբ ավտովթարից երկու ոստիկան զոհվեց Քննչական կոմիտեն որոշեց հետախուզել Սերժ Վարդանյանին:

Ողբերգական ավտովթարից հետո, երբ հանրությունը կրկին խոսեց երկրում անպատժելիության մթնոլորտի մասին, ոստիկանությունն, ըստ էության, սլաքներն ուղղեց դեպի Քննչական կոմիտե. և՛ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը, և՛ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության» հետ զրույցում հստակ հայտարարեցին՝ ոստիկանությունն իր գործառությունները իրականացրել է և մշտապես պատժել իրավախախտումներ կատարած երիտասարդներին, թե ինչպես են նրանք հետո հայտնվել ազատության մեջ, խնդիրները պետք է փնտրել այլ մարմնում։

Նկատենք, կալանավորելու կամ ազատ արձակելու միջնորդությամբ հանդես գալու իրավասություն ունի Քննչական կոմիտեն։

«Քննչական կոմիտեն պետք է պարզաբանմամբ հանդես գա»

Կոմիտեն դեռևս պարզաբանմամբ հանդես չի եկել, փոխարենը նախկին գլխավոր դատախազ, իշխող Հանրապետականի պատգամավոր Գևորգ Կոստանյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ Քննչական կոմիտեն պետք է պարզաբանմամբ հանդես գա:​

Գևորգ Կոստանյան
Գևորգ Կոստանյան

«Ազատություն». - Պարոն Կոստանյան, եթե դու անձին երկու հանցագործության համար մեղադրանք ես առաջադրել՝ կողոպուտ և խուլիգանություն, նա ազատության մեջ է։ Եթե դու կարծում ես, որ քո ստորագրությամբ ազատ արձակելու որոշումն օրինական է, ինչո՞ւ ես հանկարծ որոշում, որ նրա եղբոր մասնակցությամբ երկու զոհ է եղել, նրան անմիջապես հետախուզում հայտարարեմ, բռնեմ, բերեմ, ինչո՞ւ։

Կոստանյան. - Չեմ կարող մեկնաբանել։

«Ազատություն». - Քննչական կոմիտեն պե՞տք է հստակ պարզաբանում տա։

Կոստանյան. - Կարծում եմ՝ այո՛։

Այն, որ Հայաստանում կա արդարադատության երաշխավորման և օրենքի միատեսակ ապահովման խնդիր, նախկին գլխավոր դատախազը չի հերքում, սակայն խուսափում է ասել, արդյո՞ք տարբեր միջադեպերով հայտնի երիտասարդները կարողացել են ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ բարձր օղակներում ազդեցիկ հովանավորներ են ունեցել:

«Ազատություն». - Բացառո՞ւմ եք, որ այս ընտանիքը կոնկրետ հովանավորչություն է ունեցել, պարոն Կոստանյան։

Կոստանյան. - Եթե նման բան կա, ուրեմն ես կարծում եմ, որ այստեղ իրավապահ մարմինները՝ և՛ նույն Ոստիկանությունը, և՛ նույն քննչականը, և՛ նույն Դատախազությունն անելիք ունեն։ Այսինքն, եթե իրավապահ համակարգը, կամ թեկուզ հանրության մեր ներկայացուցիչներն ունեն փաստեր և դրանք ներկայացնում են, ստեղ արդեն, կարծում են, դատախազը քրեական գործ կհարուցի՝ առնվազն կա՛մ որևէ մեկի պաշտոնական դիրքի չարաշահման, կա՛մ որևէ մեկի պաշտոնական անգործության, կա՛մ առնվազն իշխանազանցության փաստերով։ Ձեզ մոտ այնպիսի տպավորություն կստեղծվի, որ ես ինչ-որ մեկին պաշտպանում եմ, ես ինչ-որ մեկին չեմ պաշտպանում։

«Ազատություն». - Մի՛ պաշտպանեք, բայց ընդունեք, որ այսօր համակարգում կա արդարադատության խնդիր։

Կոստանյան. - Վստահ եմ՝ Դուք ինքներդ գտեք, որ ես գոնե այն մարդն եմ, որը բազմիցս այդ մասին խոսել է՝ և՛ իմ բոլոր պաշտոնների պաշտոնավարման ժամանակ, և՛ հրապարակային։ Այն, որ մենք ունենք արդարադատության երաշխավորման և անպատժելիության մթնոլորտի վերացման պահանջ և անհրաժեշտություն, դա անխուսափելի է։ Այն, որ մենք ունենք բացասական դրսևորումներ, դա էլ է փաստ, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ նախկինում և հիմա դատվում են, պատասխանատվության են ենթարկվում և՛ ոստիկաններ՝ այս կամ այն հանցագործությունը թաքցնելու հետ կապված, և՛ քննիչներ՝ այս կամ պաշտոնական դիրքը չարաշահելու հետ կապված, և՛ դատախազներ, և՛ դատավորներ, դա նշանակում է, որ, իհարկե, մենք ունենք խնդիր արդարադատության երաշխավորման և օրենքի միատեսակ կիրառման ապահովման հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG