Մատչելիության հղումներ

Վերքաննիչ քրեական դատարանն այսօր ազատ արձակեց Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին ու այս գործով անցնող մյուս բոլոր մեղադրյալներին:

Չնայած փաստաբանները պահանջել էին արդարացում, բայց դատարանը միայն մեղմացրեց պատժաչափերը․ Սեֆիլյանի՝ 10 տարի 5 ամիսը, մասնավորապես, դարձնելով հինգ ու կես տարի: Ընդդիմադիր գործչի խափանման միջոցը փոխվեց «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորների և «Ելք»-ի պատգամավոր Ալեն Սիմոնյանի երաշխավորագրերի հիման վրա:

Գևորգ Սաֆարյանը, որ մեկ այլ՝ տոնածառի աղմկահարույց գործով երկու տարի արդեն անազատության մեջ էր մնացել, դատարանի դահլիճից ազատ արձակվեց քաղաքից չհեռանալու ստորագրությամբ: Ներսես Պողոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Սասունիկ Կիրակոսյանը և Հրայր Թոփչյանը ևս ազատ արձակվեցին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:

Լրագրողների հետ զրույցում Սեֆիլյանը հայտարարեց, որ առաջիկայում զբաղվելու է մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցով, ինչից հետո միայն կխոսի հետագա անելիքների մասին, արտահերթ ընտրությունների մասին:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին երեք ոստիկանների սպանություններին՝ Սեֆիլյանն ասաց, որ դրանք պետք է բացահայտվեն․ - «Բոլորը պետք է հասկանան, որ այդ ցավը բոլորիս ցավն է: Ես համոզված եմ, որ ոչ ոք չունի այն եզրակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության նպատակով: Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանությունները ինչպես տեղի ունեցան»:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարի 5 ամսվա ազատազրկման. դատարանն ամբողջությամբ ապացուցված էր համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Այս դատական գործը մեծ աղմուկ էր բարձրացրել նաև այն պատճառով, որ Ժիրայր Սեֆիլյանը զրկված էր եղել ցուցմունք տալու, պաշտպանական ճառով ու վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրան գրեթե ամբողջ դատավարության ընթացքում Սեֆիլյանին հեռացնում էր դահլիճից ոտքի չկանգնելու, տեղից խոսելու համար:

Եվ իրավապաշտպանները սա աղաղակող, ճչացող խախտում էին համարել, իսկ Սեֆիլյանին ճանաչել որպես քաղբանտարկյալ, մեղադրանքը՝ շինծու:

Ժիրայր Սեֆիլյանը 51 տարեկան է: Շուրջ երկու տարի ճաղերի հետևում գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը բարձրագույն պետական պարգևի՝ Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանի ասպետ է: Իշխանությունները Սեֆիլյանին մի քանի անգամ մերժել են տալ Հայաստանի քաղաքացիություն: Ռոբերտ Քոչարյանի օրոք` 2007 թվականին նա դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման` ապօրինի զենք և զինամթերք պահելու մեղադրանքով: Հետագայում Եվրոպական դատարանը վճռեց, որ Սեֆիլյանի իրավունքները խախտվել են:

XS
SM
MD
LG