Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման


Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, արխիվ
Ժիրայր Սեֆիլյանը դատարանի դահլիճում, արխիվ

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

Դատավորն ամբողջությամբ ապացուցված համարեց, որ Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

Ավելի քան տասը տարվա պատժաչափը լսելիս Սեֆիլյանը ծափահարեց, ասաց. - «Բրա՛վո, շուտով ձեզ համար են ընթերցելու այսպիսի վճիռներ»:

Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5.5 տարվա ազատազրկման: Դատավորը, սակայն, հաշվարկեց մեկ այլ՝ «տոնածառի» գործով Սաֆարյանի արդեն կրած երկու տարվա պատժաչափը: Այսինքն՝ այսօր Գևորգ Սաֆարյանն, ըստ էության, դատապարտվեց 3.5 տարվա ազատազրկման:

Սաֆարյանը ևս ժպիտով էր լսում վճիռը: «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու», - բացականչեց նա:

Այս գործով անցնող մյուս մեղադրյալներ Սասունիկ Կիրակոսյանը և Ներսես Պողոսյանը դատապարտվեցին 3.5-ական, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:

Ներսես Պողոսյանը հայհոյում էր դահլիճում ներկա մեղադրող դատախազին: Ոստիկանները նրան հրելով դուրս տարան դահլիճից, թեև վճիռը դեռ ընթերցվում էր:

Դատարանի բակում ևս լարված մթնոլորտ էր, մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած, Սեֆիլյանի համակիրներն ամոթանք էին տալիս դատարանից հեռացող մեղադրող դատախազին։

Ամենամեղմ՝ 2 տարվա ազատազրկման պատժի արժանացավ մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը: Նա միակն է, որ դատարանում Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել և փաստորեն ընդամենը երկու ամսից ազատ կարձակվի:

Պետրոսյանը հայտարարել է, թե «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդի հետ ծանոթացել է Ֆեյսբուքով ու ցուցում ստացել պատրաստվել զինված գործողության:

Մյուս մեղադրյալները պնդել են, որ գործը շինծու է, բարձրաձայնել են, որ ճնշումների են ենթարկվել քննիչների կողմից, իրավապահները փորձել են ցուցմունքներ կորզել Սեֆիլյանի դեմ, ոմանք հայտարարել են, որ անձամբ չեն ճանաչում Սեֆիլյանին, միայն հեռուստացույցով են տեսել, սակայն, ըստ մեղադրանքի, նրանք Սեֆիլյանի զինված խմբի անդամներ են:

«Արդարադատությունը մահացավ», - վճռի հրապարակումից հետո հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Արայիկ Պապիկյան, արխիվ
Արայիկ Պապիկյան, արխիվ

«Թատերական ներկայացում, անձին դատապարտում են ազատազրկման երեք հոդվածներով, որոնցից որևէ մեկով ապացույց չունեն։ Բացահայտ քաղաքական պատվեր է, սա հաշվեհարդար է։ Մարտի 20-ը վերջնականապես արդարադատության մահվան օր պետք է նշվի և բոլոր դատարանների վրա սև լենտ ամրացվի», - ասաց Պապիկյանը։

Մեղադրանքում նշվում է, որ Սեֆիլյանն իր կամքից անկախ ավարտին չի հասցրել հանցավոր մտադրությունները, սակայն չի հստակեցվում, թե մասնավորապես ինչու, օրինակ, 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նա չի գրավել Նորքի հեռուստաաշտարակը, այլ ընդամենը հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում:

«Սեֆիլյանի մեղադրանքում մոռացել էին նշել նաև Քենեդու սպանության մասին հոդվածը, որովհետև մնացած հոդվածներն այդ նույն ժանրից էին՝ ֆանտաստիկայի բնույթից, անձին ուղղակի պետք էր ազատազրկել, լռեցնել էր պետք։ Ինքը էական և լուրջ վտանգ է ներկայացնում ներկայիս քաղաքական իշխանության համար։ Այս վարչախումբն ուղղակի վախենում է Ժիրայր Սեֆիլյանի անձից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պապիկյանը։

Ժիրայր Սեֆիլյանն իր իսկ գործով քննությանն այդպես էլ չկարողացավ ոչ ցուցմունք տալ, ոչ էլ հանդես գալ պաշտպանական ճառով և անգամ վերջին խոսքով․ դատավորն այդպես էլ թույլ չտվեց նրան խոսել նստած: Ավելին՝ շուրջ տասը ամիս տևած դատավարության մի զգալի մասին ընդդիմադիր գործիչն ընդհանրապես չմասնակցեց, քանի որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրան հեռացնում էր դահլիճից՝ ոտքի չկանգնելու, տեղից խոսելու համար:

Փաստաբանների և իրավապաշտպանների գնահատմամբ, դատական ողջ գործընթացն ուղեկցվել է աղաղակող խախտումներով: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը տասնյակ սանկցիաներ է կիրառել ոչ միայն մեղադրյալների ու նրանց փաստաբանների, այլ նաև դատավարությանը մասնակցող Սեֆիլյանի համակիրների դեմ։

«Սա խայտառակություն էր, պատվերով դատավարություն էր՝ հենց սկզբից արհեստական ստեղծված, ապացույցները կեղծված, քննչական մարմինների, դատարանների, բոլոր էս իրավապահ համակարգի համակցությամբ։ Սա ուժի ցուցադրություն էր, կոպիտ ասած՝ իշխանություններն ասում են՝ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենանք, կարող ենք անել», - ասաց Փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Տիգրան Հայրապետյան, արխիվ
Տիգրան Հայրապետյան, արխիվ

Մեղադրող դատախազը պահանջել էր 11 տարվա ազատազրկման դատապարտել Սեֆիլյանին` որպես ապացույց վկայակոչելով, օրինակ, «տարաբնույթ սադրիչ ելույթները, կոչերը», որոնցով մարդկանց տրամադրել է «իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված զանգվածային անկարգությունների»:

Իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը և Նինա Կարապետյանցը հիշեցնում են, որ Սեֆիլյանը նորից հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, երբ հայտարարեց ապրիլյան պատերազմում տարածքային կորուստների մասին, այնինչ իշխանությունը չէր հաստատում այդ փաստը։

Ժաննա Ալեքսանյան, արխիվ
Ժաննա Ալեքսանյան, արխիվ

«Սերժ Սարգսյանը կարծում է, որ ժիրայր Սեֆիլյանի փոխարեն ինքն է հերոսանալու, եթե նրան փակել են։ Բոլորը գիտեն, որ տարածքները հանձնելուց հետո Սեֆիլյանի այդ հայտարարությունը շատ ծանր տարավ Սերժ Սարգսյանը և տասը տարով որոշեց փակել նրան բանտում՝ անթաքույց, ինչ ուզենք, կանենք, այդ լկտի պահվածքով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

Կարապետյանցն էլ հավելեց. - «Անձամբ առաջին դեմքի կողմից չներվեց, որովհետև Ժիրայր Սեֆիլյանը բացահայտեց, որ այո՛, զիջվել են հողեր և դրա մասին ժողովուրդին բացահայտ ստել են»։

Նինա Կարապետյանց, արխիվ
Նինա Կարապետյանց, արխիվ

Փաստաբանները դիմելու են վերաքննիչ դատարան, ասացին, որպեսզի ընդամենը ներպետական ատյանները սպառեն և կարողանան Եվրոպական դատարան հայց ուղարկել:

Ժիրայր Սեֆիլյանը 51 տարեկան է: Շուրջ երկու տարի ճաղերի հետևում գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը բարձրագույն պետական պարգևի՝ Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանի ասպետ է: Իշխանությունները Սեֆիլյանին մի քանի անգամ մերժել են տալ Հայաստանի քաղաքացիություն:

Ռոբերտ Քոչարյանի օրոք` 2007 թվականին նա դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման` ապօրինի զենք և զինամթերք պահելու մեղադրանքով: Հետագայում Եվրոպական դատարանը վճռեց, որ Սեֆիլյանի իրավունքները խախտվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG