Մատչելիության հղումներ

Մանե Թանդիլյան․ Կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամարտահայտության սկզբունքը


Քիչ առաջ հրաժարական ներկայացրեց ընդամենը մեկ ամիս առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակված Մանե Թանդիլյանը:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Թանդիլյանը գրել է, որ իր որոշումը կապված է Կառավարության երեկվա նիստում ընդունված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրման մասին որոշման հետ․ - «Այդ հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար: Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ: Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, և առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու և միասնական ու ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչը ամբողջ ծավալով ներդրման համար: Ես լիահույս էի, որ նոր Կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա»:

«Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամարտահայտության և ընտրության հնարավորության սկզբունքը՝ հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը և երկարաժամկետությունը», - եզրափակել է նա:

Թանդիլյանը տեղեկացրել է, որ, բացի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելից հրաժարվելուց, նաև դադարեցնում է իր անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ այսօր խոսել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանը: Նա ասաց, որ սովորական աշխատանքային քննարկում է համարում երեկ Կառավարության արտահերթ նիստում իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ ծագած բանավեճը․ - «Ես խնդրում եմ կենտրոնացեք վերջնական եզրակացության վրա, որը վարչապետը հնչեցրեց: Ես իմ սկզբունքը պահել եմ և, կարծում եմ, այդ սկզբունքը շատ հստակ է՝ ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ այդպիսին, քանի դեռ հակառակում համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին էր, այլ հուլիսի 1-ից ներդրվող նախագծի մեղմացման մասին էր․․․ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող 80 հազար մասնակիցների և մինչև այժմ գործող 200 հազար մասնակիցների համար մեղմացնող որոշում էր: Ոչ թե հուլիսի 1-ից պարտադիր կուտակայինը ներդնելու որոշում էր: Ես ձևակերպել եմ շատ պարզ՝ ասել եմ, որ դեմ եմ, որովհետև անցել եմ Սահմանադրական դատարանով երկու անգամ, և Սահմանադրական դատարանի որոշումները կատարված չեն: Հետևաբար էս փուլում եթե մենք քվեարկում ենք, որը կօգնի, որպեսզի լեգիտիմացնենք Սահմանադրությանը հակասող որոշումը, ես դեմ եմ էդ մոտեցմանը: Վարչապետը դրանից հետո հայտարարություն արեց շատ պարզ: Ասեց հետևյալը՝ մենք էստեղ չենք քննարկում պարտադիր կուտակայինի հարցը, որովհետև ես էլ եմ դեմ եղել, և մեր Կառավարության համար այդ հարցը փակված չէ, և մենք առաջիկայում պետք է իրականացնենք սահմանադրականության գնահատում: Ինչպես ձևակերպեց նաև վարչապետը, եթե մենք եկանք էն տեսակետին, որ հակասահմանադրական է, որևէ մեկը մեր ձեռը չի բռնել»:

«Բոլոր դեպքերում, եթե կգա էդ վիճակը, որ պետք է դադարեցնել, ելքի ռազմավարություն պետք է մշակվի: Առանց դրա հնարավոր չէ մեկ օրում կասեցնել, որովհետև դա նաև ֆինանսական, իրավական անվտանգության խնդիր է», - եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնեմ, երեկ կառավարությունը քննարկում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2,5 տոկոսը փոխանցեն այդ համակարգին: Գործող կարգի համաձայն, այդ թիվը 5 տոկոս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG