Մատչելիության հղումներ

«Գորիս» ՔԿՀ-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել 6 անձի


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 6 անձի և նրանց մասով հայտարարվել նախաքննության ավարտի մասին:

2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, «Գորիս» ՔԿՀ-ում դատապարտյալների և կալանավորների մասնակցությամբ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որն ուղեկցվել է ՔԿՀ-ի գույքի ոչնչացմամբ, բռնության կիրառմամբ։

«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցները սահմանված կարգով ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 3 խցերում կատարել են խուզարկություններ, որից հետո իրավասու մարմնի կողմից որոշում է կայացվել դատապարտյալներից մեկին՝ դատապարտված և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող Կ. Հովհաննիսյանին, այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին: Նշված տեղափոխությանը խոչընդոտելու նպատակով մի շարք կալանավորված և դատապարտված անձինք հրահրել են անկարգություններ՝ հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել խցերի դռներին և կերակրադռնակներին, այրված իրեր նետել խցերի կերակրադռնակներից և պատուհաններից: Անկարգությունների հետևանքով վնասվել և կոտրվել է ՔԿՀ-ի գույքը, բռնություն գործադրվել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 6 անձի առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անկարգություններին մասնակցելու համար: Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ անկարգություններին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG