Մատչելիության հղումներ

Hurriyet. Ամերիկացիները չեն բացառում Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ընդունում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, Վաշինգտոն, 4-ը հունիսի, 2018թ․

Ռուսական արտադրության С-400 (S-400) տիպի հակահրթիռային պաշտպանության համակարգերի հնարավոր վաճառքը Թուրքիային շարունակում է լուրջ տարաձայնությունների պատճառ հանդիսանալ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը` վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրները:

Թուրքական թերթի տեղեկություններով` С-400-ի վաճառքը դարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի` երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած բանակցությունների հիմնական թեմաներից մեկը:

«Միացյալ Նահանգների գլխավոր պահանջներից մեկը Անկարային` С-400-ի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ կնքված գործարքի չեղարկումն է: Հակառակ պարագայում, ըստ ամերիկացիների, Թուրքիայի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել», - գրում է Hurriyet-ը՝ հավելելով․ - «Թուրք պաշտոնյաները, սակայն, կտրականապես ընդդիմացել են ամերիկացիների այս պահանջին` նշելով, որ հակաօդային պաշտպանության այս համակարգերը ի վերջո գնվելու և տեղակայվելու են Թուրքիայի տարածքում»:

«Թուրքիային սահմանակից բոլոր պետությունները հրթիռային համակարգեր ունեն: Պատկերացրեք, որ, ասենք, մի օր, Սիրիայի շուրջ լարվածության պատճառով, Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռ է արձակում: Արդյո՞ք Թուրքիան ի վիճակի կլինի պաշտպանել իր տարածքը», - Hurriyet-ի պնդմամբ, ամերիկացի դիվանագետների հետ բանակցությունների ժամանակ նման փաստարկ է առաջ քաշել թուրքական կողմը` նաև բավական կոշտ արձագանքելով հնարավոր պատժամիջոցների խնդրին:

«Թուրքիայի դեմ կիրառված որևէ պատժամիջոց անպատասխան չի մնա», - հայտարարել են թուրք դիվանագետները:

Որպես փոխզիջումային տարբերակ՝ ամերիկյան դիվանագիտության ներկայացուցիչները թուրքական կողմին առաջարկել են պարտավորվել, որ Անկարան ձեռք կբերի С-400 համակարգերը, սակայն երբեք դրանք չի կիրառի:

«Թուրք դիվանագետների համոզմամբ, սակայն, այս տարբերակը խիստ անիրատեսական է», - գրում է Hurriyet-ը:

Թուրքական պարբերականի տեղեկություններով՝ С-400 համակարգերի ձեռքբերման շուրջ ամերիկյան կողմը մի քանի մտավախություն ունի: Նախ և առաջ, ամերիկացիները և Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամները փորձում են անել հնարավորը Ռուսաստանին մեկուսացնելու համար` այդ թվում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի հետ համագործակցող պետությունների դեմ պատժամիջոցներ սահմանելով: Բացի այդ, ամերիկացիները մտավախություն ունեն, որ Թուրքիայում տեղակայված С-400-ները կարող են վտանգել ՆԱՏՕ-ի օդանավերի` տարածաշրջանում իրականացվող թռիչքները:

Թուրքական դիվանագիտական աղբյուրները, սակայն, Hurriyet-ին տեղեկացրել են, որ ամերիկյան կողմի հետ հնարավոր է եղել համաձայնության գալ C-400 համակարգերի մատակարարման և տեղակայման ժամկետների շուրջ․ - «Անկարան կհրաժարվի համակարգերը արագացված կարգով` ինը ամսում մատակարարելու Մոսկվայի առաջարկից, քանի որ այդ դեպքում, սկզբնական շրջանում դրանք շահագործվելու են ռուսաստանցի մասնագետների կողմից: Փոխարենը, Թուրքիան հակված է մատակարարման 19-ամսյա գրաֆիկին, որի դեպքում C-400-ները կլինեն թուրքական զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո»:

Hurriyet-ը, վկայակոչելով թուրք բարձրաստիճան դիվանագետներին, նաև պնդում է, որ Սպիտակ տունը կարող է Անկարային առաջարկել C-400-ի փոխարեն ամերիկյան արտադրության հակաօդային համակարգեր` Patriot-ներ գնել: «Օբամայի վարչակազմը հրաժարվում էր Թուրքիային այդ համակարգերը վաճառել: Անկարայում էլ այժմ նշում են, որ Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը կքննարկեն միայն մի դեպքում` եթե Թրամփի վարչակազմը հստակ երաշխիքներ տա, որ ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի շուրջ Անկարայի հետ կնքված գործարքը», - գրում է Hurriyet-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG