Մատչելիության հղումներ

Չավուշօղլու․ Անկարան և Վաշինգտոնը ընդհանուր հայտարարի են եկել Մանբիջի հարցում


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ընդունում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, Վաշինգտոն, 4-ը հունիսի, 2018թ․

Անկարան և Վաշինգտոնը ընդհանուր հայտարարի են եկել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի հետագա ճակատագրի շուրջ, պնդում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարեց երեքշաբթի օրը Անթալիայում` Վաշինգտոնից վերադառնալուց անմիջապես հետո:

Չավուշօղլուի պնդմամբ՝ Մանբիջից քրդական ուժերի դուրսբերման ճանապարհային քարտեզը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հունիսի 4-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում:

«Առաջին քայլը լինելու է Մանբիջից [սիրիացի քրդերին միավորող] «Ժողովրդական պաշտպանության ուժերի», ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության զինյալների դուրսբերումը: Քաղաքը լքելու ընթացքում նրանք վայր կդնեն զենքերը, ինչից հետո կհեռանան Եփրատի արևելյան ափ», - նշում էր Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ 80 հազար բնակիչ ունեցող Մանբիջը մի քանի տարի շարունակ գտնվում էր «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո` վերածվելով Թուրքիայից դեպի Սիրիա անցնող զինյալների գլխավոր թիկունքային կենտրոններից մեկին: 2016 թվականի օգոստոսին քրդական ուժերը դուրս մղեցին իսլամիստներին այս շրջանից, հետագայում Մանբիջում տեղակայվեցին նաև ամերիկացի հատուկջոկատայինները: Պաշտոնական Անկարան շարունակաբար պնդում էր, որ Մանբիջում գտնվող քրդական ուժերը պետք է դուրս բերվեն, քանի որ դրանք Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված Քրդական բանվորական կուսակցության սիրիական մասնաճյուղն են ներկայացնում:

«Մանբիջից քրդական ուժերի դուրսբերումը պետք է ավարտվի ամենաուշը վեց ամսից: Որևէ ձգձգում կամ հապաղում լինել չի կարող», - հայտարարում էր Չավուշօղլուն՝ միաժամանակ խոստովանելով, որ պաշտոնական Վաշինգտոնը չի խոստացել հետևել Անկարայի օրինակին և սիրիացի քրդերին միավորող «Ժողովրդական պաշտպանության ուժերը» ահաբեկչական կառույց ճանաչել:

«Իմ տպավորությամբ՝ մենք նման խոստում չենք ստացել: Դրա հետ մեկտեղ, մենք շատ հստակորեն հայտարարել ենք` պետքարտուղար Փոմփեոն նախկինում ղեկավարում էր Կենտրոնական հետախուզական վարչությունը և մեզնից լավ գիտի, թե ինչ կապեր են առկա «Ժողովրդական պաշտպանության ուժերի» և Քրդական բանվորական կուսակցության միջև», - նշում էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG