Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը արցախցիներին համերաշխության կոչ է անում


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ուղերձով է հանդես եկել Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ:

«Մտահոգված ենք այս օրերին Ստեփանակերտում տեղ գտած իրադարձություններով, որոնք հուզումների պատճառ են դարձել՝ վտանգելով Արցախի ներքին կայունությունը: Երկրում ներքաղաքական իրադրության սրացումը, անզիջում դիրքորոշումները անթույլատրելի են, քանզի դրանք կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է Վեհափառի ուղերձում:

«Հորդորում ենք Արցախի Մեր սիրելի զավակներին՝ համերաշխության ու եղբայրսիրության ոգով և երկխոսության ճանապարհով լուծել բոլոր տարաձայնություններն ու խնդիրները՝ հանուն Արցախի կայունության ու առաջընթացի», - իր ուղերձում գրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Հիշեցնենք՝ այս օրերին ցուցարարները փակում են Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։

Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին: Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ երեկ մտահոգություն է հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնավորապես կոչ անելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջամտել՝ Ղարաբաղում ներքաղաքական կայունությունը վերականգնելու համար: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հորդորել է «զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:

Կիրակի օրը ցուցարարների ներկայացուցիչների հետ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG