Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել են Ուլնեցու փողոցում անկարգությունների գործով փնտրվող «Պորշ Կայեն»-ները


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կարապետ Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ:

Հիշեցնենք, ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում իրականացված բողոքի ակցիայի շրջանակում քաղաքացիները մասամբ փակել են Երևանի Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, նրանց է մոտեցել «Պորշ Կայեն» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված մեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև տվյալ տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նշված ավտոմեքենաների համարանիշերը, պարզվել է, որ դրանցից մեկը գտնվում է «ՖրուտիՄէքս» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ մյուսը՝ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ի, մեքենաները հայտնաբերելու նպատակով կատարվել են նաև խուզարկություններ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր «ՖրուտիՄէքս»-ի տնօրենը գրավոր տեղեկացրել է, որ ընկերությանը պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի 333QD33 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի բակում գտնվող կայանատեղի։ Իսկ «Քեթրին Գրուպ»-ից հայտնել են, որ ընկերությանը պատկանող, քննության համար հետաքրքրություն ներկայացնող «Պորշ Կայեն» մակնիշի 989LP61 համարանիշի ավտոմեքենան խափանված վիճակում է, և մատնանշել կոնկրետ գտնվելու վայրը։ Այս պահին միջոցներ են ձեռնարկվում՝ նշված ավտոմեքենան ևս Երևան տեղափոխելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից», նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, տվյալ գործով ձերբակալվել էր Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG