Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ հավանական հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հաջող կանցնի:
Կողմերը պայմանավորվել էին հանդիպել հունիսի 12-ին Սինգապուրում, բայց մայիսի 24-ին Թրամփը հայտարարեց բանակցությունները չեղարկելու մասին, նշելով, որ Փհենյանում հնչող հակաամերիկյան կոշտ հայտարարություններն աննպատակահարմար են դարձնում հանդիպումը:
Այնուամենայնիվ, և՛ ԱՄՆ-ում, և՛ Հյուսիսային Կորեայում բարձրաստիճան ղեկավարները նկատել էին տալիս, որ երկխոսության հաստատումն անհրաժեշտ է: Ընդ որում, հանդիպումը պետք է որ տեղի ունենա նախկինում համաձայնեցված ծրագրով՝ հենց հունիսի 12-ին Սինգապուրում:
Երեկ Նյու Յորքում հանդիպել են Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների դիվանագետների և փորձագետների աշխատանքային թիմերը, որոնք նախապատրաստում են Թրամփի և Կիմի բանակցությունները:
ԱՄՆ նախագահը երեկ ասել է, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում իրեն պետք է այցելեն հյուսիսկորեացի պաշտոնյաները, ովքեր փոխանցելու են Կիմ Չեն Ունի նամակը:
«Հյուսիսային Կորեայի հետ ամեն ինչ շատ հաջող է ընթանում, մեր պետքարտուղար Մայք Փոմփեոն նրանց հետ լավ հանդիպումներ է անցկացրել, ինձ նամակ են փոխանցելու Կիմ Չեն Ունից, դա շատ կարևոր է, անհամբերությամբ սպասում եմ այդ նամակին», - ասել է Թրամփը:
Ամերիկայի նախագահը բավական լավատեսորեն է տրամադրված, բայց նաև հիշեցնում է, որ խոսքը շատ բարդ խնդրի մասին է:
«Կարծում եմ, շատ դրական արդյունք կլինի, տեսնենք, թե ինչպես կստացվի: Դա գործընթաց է, հուսամ, մենք կհանդիպենք հունիսի 12-ին, բայց ես ուզում եմ, որ դա իմաստալից հանդիպում լինի: Մեկ հանդիպումով հարց չի լուծվի, գուցե պետք է լինի հանդիպել երկրորդ, երրորդ անգամ, կամ գուցե ընդհանրապես չհանդիպել, բայց հավատացնում եմ՝ գործը վստահ ձեռքերում է», - ասել է Դոնալդ Թրամփը: