Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ուն հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա


Արխիվ

Վաշինգտոնն ու Փհենյանը վերսկսել են սինգապուրյան բանակցությունների նախապատրաստման աշխատանքները, որոնք ընդհատվել էին անցյալ շաբաթ, երբ Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, թե չեղարկում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ նախատեսված իր հանդիպումը: Այդ հայտարարությունից ընդամենը ժամեր անց, սակայն, Թրամփն ասաց, թե Կիմ Չեն Ունի հետ նախատեսված բանակցությունների անցկացման ծրագիրն «ուժի մեջ է մնում»:

Ըստ ամերիկյան աղբյուրների՝ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի՝ Սինգապուրում կայանալիք պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին: Երկու երկրների պատվիրակությունների անդամների մի մասը Սինգապուրում, մյուսը՝ երկու Կորեաների սահմանին գտնող Փհանմունջում, քննարկում են սպասվող գագաթնաժողովի մանրամասները: Այն կայանալու դեպքում Թրամփը կդառնա Միացյալ Նահանգների առաջին նախագահը, ով անձամբ հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ:

Կիմ Չեն Ունի հետ հանդիպելու՝ Թրամփի համաձայնությունը շատերին է զարմացրել: Կարծիքներ կան, որ ԱՄՆ նախագահը չպետք է միևնույն սեղանի շուրջ նստի հյուսիսկորեացի բռնապետի հետ՝ առանց հաջողության հստակ երաշխիքների, քանի որ բանակցությունների ցանկացած այլ արդյունք ձեռնտու կլինի միայն Կիմ Չեն Ունին, ում ոչ պապը, ոչ էլ հայրը երբևէ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման հնարավորություն չեն ունեցել:

Թրամփի «ռիսկային» գնահատվող աննախադեպ այս մտադրությունն, այդուհանդերձ, արդեն որոշ արդյունքներ է տվել: Հյուսիսկորեական իշխանություններն արմատապես փոխել են խոսակցության տոնը, հիմնականում հրաժարվելով կոշտ, ռազմատենչ հայտարարություններից: Ավելին՝ Փհենյանը հավաստիացնում է, թե լծվել է միջուկային փորձադաշտի ապամոնտաժման գործին և ազատ է արձակել ավելի քան մեկ տարի բանտում պահվող ԱՄՆ երեք քաղաքացիներին: Այս ջերմացման խորհրդանիշ է դարձել ժպտացող Կիմ Չեն Ունի և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար, ներկայումս պետքարտուղար Մայք Փոմփեոի համատեղ լուսանկարը, որն արվել է Փհենյանում ՝ բանակցությունների ժամանակ:

Կորեական թերակղզու ապառազմականացմանն ուղղված սինգապուրյան գագաթնաժողովին ընդառաջ՝ նախապես չհայտարարված հանդիպում են ունեցել երկու Կորեաների առաջնորդները: Սա ներկորեական երկրորդ գագաթնաժողովն է վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Առաջինը բեկումնային էր ոչ միայն Սեուլի և Փհենյանի հարաբերությունների բարելավման առումով, այլև կարևոր է գնահատվում ԱՄՆ-ի և Հյուսային Կորեայի միջև աննախադեպ լարվածության թուլացման տեսանկյունից:

Քննարկումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Ինը հայտարարել է, թե հնարավոր է՝ Փհենյանն ու Վաշինգտոնը տարբեր կերպ են ընկալում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման էությունը, այդ իսկ պատճառով «կողմերը պետք է աշխատանքային բանակցություններ սկսեն՝ հակասությունները հաղթահարելու համար»:

Միացյալ Նահանգները Հյուսիսային Կորեայից պահանջում է ամբողջովին հրաժարվել միջուկային ծրագրից: Փհենյանը, սակայն, բացառում է միջուկային պահուստի միակողմանի ոչնչացման տարբերակը: Փհենյանի միջուկային ծրագրի պատճառով, հիշեցնենք, 2006 թվականից ի վեր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շուրջ 10 անգամ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ այն դարձնելով աշխարհի ամենամեկուսացված երկիրը, որին հաջողվում էր տնտեսական կապեր հաստատել հատուկենտ երկրների հետ միայն, այն էլ՝ գաղտնի կերպով:

Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների հարաբերություններն անցյալ շաբաթ կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ Փհենյանը կրկին սկսեց դատապարտել Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների ռազմական համագործակցությունն ու անձնական վիրավորանքներ հնչեցրեց ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հասցեին: Վաշինգտոնի պատասխանը չուշացավ․ նախագահ Թրամփը հայտարարեց, թե բացահայտ թշնամանք է տեսնում Փհենյանից հնչող հայտարարություններում, այդ իսկ պատճառով նպատակահարմար չի համարում գագաթնաժողովը:

Պետքարտուղարությունից հայտնել են նաև, որ վերջին օրերին Հյուսիսային Կորեայի իշխանությունները դադարել էին պատասխանել սինգապուրյան բանակցություններին վերաբերող հարցումներին: Թրամփի հիշյալ հայտարարությունից հետո, սակայն, Փհենյանը հավաստիացրեց, թե առաջվա պես բաց են՝ Վաշինգտոնի հետ «ցանկացած պահի ցանկացած հարց» լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG